VERTEX

News

Press 2023

«ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 19-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

31.10.2023-04.11.2023

Հարգելի գործընկերներ, սիրով տեղեկացնում ենք. որ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 19-րդ փառատոնը, այս տարի նախատեսվում է իրականացնել 31.10-04.11.2023թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ:

Հարկ է փաստել, որ ճակատագրի բերումով մենք նորից հայտնվել ենք դժվարին և ծանր իրավիճակում. տեղահանվել է ողջ արցախահայությունը, որոնցից 30,000-ը երեխաներ են՝ մեր ապագան։ Այժմ առավել կարևոր է`սեր, ջերմություն  և ապագայի հույս տալ նրանց։ Եվ հենց այդ պատճառով էլ Փառատոնը կկրի «Դեպի հույս» խորագիրը։

Այս տարի փառատոնը կանցկացվի Երևանում և ՀՀ 4 մարզում (Լոռիում, Շիրակում, Տավուշում, Գեղարքունիքում) և նվիրված կլինի Հայ կինոյի 100-ամյակին։

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ֆիլմերի ցուցադրություններ և այլ միջոցառումներ Երևանում և ՀՀ վերոնշալ մարզերում՝ առավելագույնս ներգրավելով ու մասնակից դարձնելով՝ այնտեղ բնակություն հաստատած արցախցի երեխաներին և պատանիներին:

Շուրջ 38 երկրից ստացված 186 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 74 ֆիլմ՝ 28 երկրից:

«Ռոլան» 19-րդ մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում ներկայացված են հետևյալ մրցութային և ոչ մրցութային անվանակարգերը (9)՝ «Գրան Պրի» մրցանակը, «Լավագույն երկարամետրաժ խաղարկային ֆիլմ» և «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգերը, որում որպես ժյուրի հանդես կգան Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային Կենտրոնի՝ Երևանի մասնաճյուղի սաները, «Լավագույն երկարամետրաժ անիմացիոն  ֆիլմ» և «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն  ֆիլմ» ավանակարգերը, ժյուրի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ Երևանից, Գյումրիից, Բերդից և Ստեփանակերտից, «Լավագույն Վիշեգրադի ֆիլմ», ժյուրի՝ Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան համար 199 հիմնական դպրոցի աշակերտներ, «Լավագույն ֆրանսիական ֆիլմ» անվանակարգը, ժյուրի՝ Աքսիոմիա ՀԿ։ Փառատոնի «Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային անվանակարգում ընդգրկված են 4 ֆիլմ՝ «Դանթեի Աստվածային կատակերգություն» («Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ, 2023թ․), «Մի կտոր երևանցին» («Այբ» դպրոցի աշակերտներ, 2018թ․), «Գետը հոսում է, և աղջիկն ապրում է» (Մարինա Սոլոյան, 2022թ․), «Դրամատիկ» (Աղավնի Ղազարյան, 2018թ․)։

Փառատոնային օրերի ընթացքում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում, Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում, «ԱՅԲ» դպրոցում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում (Երևան), Նարեկացի արվեստի միությունում, «Երևակ» կրթահամալիրում ցուցադրվելու են լավագույն փառատոնային անիմացիոն և խաղարկային ֆիլմերը և անցկացվելու են ստեղծագործական հանդիպումներ և աշխատարաններ։ ՀՀ մարզերում՝ Գավառի մանկատանը (Գեղարքունիքի մարզ), Տավուշի թեմի առաջնորդարանում (Իջևան, Տավուշի մարզ), Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի և Գյումրիի մասնաճյուղերում (Լոռու մարզ, Շիրակի մարզ) նույնպես կցուցադրվեն լավագույն փառատոնային անիմացիոն ու խաղարկային ֆիլմերը և կանցկացվեն ցուցահանդես-մրցույթներ։

«Ռոլան» 19-րդ փառատոնի ընթացքում՝ բացառիկ իրավունքով կցուցադրվեն բազմաթիվ միջազգային փառատոնների մրցանակների դափնեկիր՝ 2021թ․ «Օսկար» մրցանակաբաշխությանը առաջադրված «Մարդագայլեր» ֆիլմը (ռեժ. Թոմ Մուր, Ռոս Ստյուարտ, Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա, 2020թ.), «Բել և Սեբաստիան նոր սերունդը» (ռեժ.՝ Պիեռ Կորե, Ֆրանսիա, 2022թ.), «Անգամ մկները դրախտում տեղ ունեն» (ռեժ.՝ Յան Բուբենիչեկ, Դենիզա Գրիմմովա, Չեխիա, Ֆրանսիա, Լեհաստան, Սլովակիա, 2021թ․), «Գլխարկ» (ռեժ՝ Սլոբոդան Մաքսիմովիչ, Սլովենիա, Սլովակիա, Լյուքսեմբուրգ, Խորվաթիա, 2022թ), «Դե լավ, հաջողություն» (ռեժ՝ Նիկոլ վան Կիլսդոնկ, Նիդեռլանդներ, 2022թ), «Ավազարկղ» (ռեժ․՝ Գարրի Բարդին, Ռուսաստան, 2021թ., պրեմիերա), «Ավե Մարիա» (ռեժ՝ Գարրի Բարդին, Ռուսաստան, 2023թ., պրեմիերա) և այլ ֆիլմեր:

Այս տարվա փառատոնի հատուկ ցուցադրություններից է «Հայկական  ֆիլմերի համայնապատկեր-100» հատուկ ծրագիրը՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյակին, որում  ներկայացված են 12 հայկական ֆիլմեր, այդ թվում՝ բոլորիս կողմից սիրված հին ու բարի մուլտֆիլմերը։ Ծրագրում ընդգրկված են «Աղվեսագիրք» (ռեժ․՝ Ռոբերտ Սահակյանց, 1975թ․), «Գտնված երազ» (ռեժ․՝ Հովհաննես Դիլաքյան, 1976թ․), «Կախարդական Լավաշ» (ռեժ․՝ Ս. Անդրանիկյան, Ն. Աթաջանյան, 1973թ․), «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ...» (ռեժ․՝ Ռոբերտ Սահակյանց, 1984թ․), «Կիկոս» (ռեժ․՝ Ռոբերտ Սահակյանց, 1979թ․), «Ձախորդ Փանոս» (ռեժ․՝ Ստեփան Գալստյան, 1980թ․), «Մկների ժողովը» (ռեժ՝ Լյուդմիլա Սահակյանց, 1978 թ․), «Պույ-Պույ» (ռեժ․՝ Ռաֆայել Բաբայան, 1971թ․), «Թռչող տերևների երգը» (ռեժ․՝ Արմինե Անդա, 2023թ.), «Ամանորը» (ռեժ.՝ Նաիրա Մուրադյան, 2015թ.), «Անիկո» (ռեժ.՝ Աննա Հարությունյան, 2019թ.), «Միմի» (ռեժ՝ Արսեն Ասլանյան, 2018թ.): Ֆիլմերը կցուցադրվեն Երևանում և ՀՀ մարզերում։

Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը 2017թ-ից ի վեր փառատոնի հատուկ ծրագրերի շրջանակներում համագործակցում է «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի հետ: Այս տարի իրականացվող հատուկ ծրագիրը կկրի «Վիշեգրադ+Հայաստան. միջմշակութային երկխոսության նոր հնարավորություններ» խորագիրը:

Ծրագրի գործընկերներն են Վիշեգրադի երկրներից (Հունգարիա, Սլովակիա, Չեխիա և Լեհաստան) ՝ Սլովակիայից՝ «Superfilm» կինոարտադրող ընկերությունը, Հունգարիայից՝ «Kid’s Eye Art Association» ասոցիացիան, Լեհաստանից՝ «HumanDoc» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը, Չեխիայից՝ «JUNIORFEST» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը և Վրաստանից՝ «Culture and Education Foundation» հիմնադրամը:

Վիշեգրադ-Հայաստան հատուկ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել.

  • Վիշեգրադի երկրների 15 ֆիլմերի կինոդիտումներ՝ Չեխիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Լեհաստանից և Հայաստանից:

  • Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է արդեն ավանդական դարձած «Լավագույն Վիշեգրադի ֆիլմ» անվանակարգը։

  • Ծրագրի շրջանակներում 31․10-21․11․2023թ․ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնների Վանաձորի և Գյումրիի  մասնաճյուղերում կանցկացվեն երեխաների ստեղծած աշխատանքների ցուցահանդես-մրցույթներ, որոնք կկրեն «Վիշեգրադը հայ երեխաների աչքերով» խորագիրը։ Ցուցահանդես-մրցույթի  ընթացքում կցուցադրվեն Վիշեգրադի երկրների մշակութային ժառանգությունը պատկերող աշխատանքներ:

  • Ծրագրի շրջանակներում Վիշեգրադի երկրների (Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի) կինոգործիչները հայ երեխաների և պատանիների համար կանցկացնեն աշխատարաններ և ստեղծագործական հանդիպումներ:

Այս տարի ևս ավանդաբար շարունակվում է՝ «Ռոլան» միջազգային փառատոնի համագործակցությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ: Ինչպես նաև սկիզբ է առել համագործակցություն՝ Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի հետ։ Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է «Լավագույն ֆրանսիական ֆիլմ» անվանակարգը։ Անվանակարգում ներկայացված են 7 խաղարկային և անիմացիոն (լիամետրաժ, կարճամետրաժ) ֆիլմեր երեխաների և պատանիների համար: Ծրագրի շրջանակներում կիրականացվեն նաև ֆրանսիական ֆիլմերի կինոդիտումներ Երևանում և ՀՀ 2 մարզերում (Տավուշ, Գեղարքունիք):

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նախատեսվում են փառատոնի բացման և փակման արարողություններ, մամլո ասուլիս, կինոդիտումներ, պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ, ցուցահանդես-մրցույթներ, ստեղծագործական հանդիպումներ, աշխատարաններ ոչ միայն Երևանում, այլ նաև ՀՀ մարզերում:

Փառատոնի բացման  արարողությունը տեղի կունենա Մոսկվա կինոթատրոնում (կարմիր մեծ դահլիճ) 31․10․2023 ժամը 19։00-ին։

Փառատոնի փակման  արարողությունը տեղի կունենա Մոսկվա կինոթատրոնում (կարմիր մեծ դահլիճ) 04․11․2023 ժամը 19։00-ին։

Փառատոնի բոլոր միջոցառումները կազմակերպվում են բացառապես բարեգործական հիմունքներով:

Միացե՛ք մեզ, և հետևե՛ք փառատոնի ընթացքին և իրականացվող ծրագրերին «Ռոլան» միջազգային փառատոնի կայքէջի, ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերի միջոցով:

 

Փառատոնի պաշտոնական կայքէջ - http://rolanbf.com/

պաշտոնական ֆեյսբուքյան էջ - /ROLANIFF

պաշտոնական ինստագրամյան էջ - @rolanfilmfest

ՀՀ, Երևան, Վարդանանց փակուղի, 8

Հեռ.: (+374 98) 84 53 03

 

Փառատոնի նախագահ` Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ

Նունե Մանուկյան

 

Փառատոնի մամլո քարտուղար` Կարինե Գրիգորյան

(հեռ.` 091 51 04 79, e-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար )