|
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 21-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ 04․11-08․11․2025 Հարգելի՛ գործընկերներ, սիրով տեղեկացնում ենք, որ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 21-րդ փառատոնը այս տարի տեղի կունենա 2025թ. նոյեմբերի 4-ից 8-ը Երևանում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ինչպես նաև Լոռու մարզի Ալավերդի, Թեղուտ և Շնող համայնքներում։ Միջազգային աջակիցներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը: Փառատոնն այս տարի կանցկացվի «Իմ Ռոլանը» խորագրով։ Փառատոնի գործընկերներն են՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանը, Մոսկվայի տուն մշակութագործարարական կենտրոնը Երևանում, Նարեկացի արվեստի միությունը, Գյումրու «Երեխաների տուն» մանկատունը, Ազգային Տիկնիկային Թատրոնը, Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտը, «Այբ» կրթական հիմնադրամը, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային Կենտրոնը, «Լուսէ վերականգնողական կենտրոնը», «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը, «Ուսմունք» դպրոցը, Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 դպրոցը, Բենիամին Ժամկոչյանի անվան ֆրանսիական թեքումով թիվ 119 ավագ դպրոցը, Վլադիմիր Մայակովսկու անվան համար 7 դպրոցը և այլն։ Ինչպես միշտ՝ չխախտելով ներդրված ավանդույթները՝ հնարավորություն կստեղծվի փառատոնային բոլոր ծրագրերում ներգրավելու մարզաբնակ և արցախից տեղահանված երեխաներին, այդ թվում՝ մանկատներից, անապահով ընտանիքներից, ինչպես նաև սահմանափակ կարողություններով երեխաներին և պատանիներին։ Շուրջ 50 երկրից ստացած 850 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 120 ֆիլմ՝ 45 երկրից: «Ռոլան» 21-րդ փառատոնը հավատարիմ է իր որդեգրած ձևաչափին, և այս տարի ևս մանկապատանեկան ժյուրին կազմված է լինելու բացառապես երեխաներից և պատանիներից։ «Լավագույն խաղարկային ֆիլմ» (լիամետրաժ, կարճամետրաժ) անվանակարգը ներկայացնում են «ԱՅԲ» դպրոցի աշակերտները, «Լավագույն անիմացիոն ֆիլմ» (լիամետրաժ, կարճամետրաժ) անվանակարգը` «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգը՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Երևանի մասնաճյուղի սաները, «Լավագույն ֆրանսիական ֆիլմ» անվանակարգը՝ Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցը և «Վիշեգրադի լավագույն ֆիլմ» (լիամետրաժ, կարճամետրաժ) անվանակարգը՝ Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցի աշակերտները: Այս տարի ևս փառատոնային ծրագրում ընդգրկված է «Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային անվանակարգը, որտեղ ներկայացված են երեխաների և պատանիների կողմից նկարահանված լավագույն ֆիլմերը երեխաների համար։ «ԱՅԲ» դպրոցի աշակերտները ներկայացրել են «Հաղթանակի ետնաբեմում» մոտիվացիոն ֆիլմը հայկական սպորտի և հայ մարզիկների մասին, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները՝ «Թեղուտից Նեյմարը» ֆիլմը, իսկ Գավառի ավագ դպրոցի աշակերտները՝ «Միմյանց լսելու կարողությունը» ֆիլմը։ «Մեր Մեծերը» կրթամշակութային ծրագրում իրականացվելու են «Ֆրունզիկ Մկրտչյան. լուրջ ժպիտով» և «Կալենցներ» փաստավավերագրական ֆիլմերի հատուկ ցուցադրությունները։ Ֆիլմերը կներկայացվեն Երևանում և ՀՀ մարզերում։ Փառատոնային օրերին՝ նոյեմբերի 3-ից 10-ը, Երևանում՝ «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում, Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոնում, Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենան ծրագրում ընդգրկված ֆիլմերի ցուցադրությունները։ Ֆիլմերի ցուցադրությունները նաև տեղի կունենան ՀՀ մարզերում՝ Գյումրիում, Ալավերդիում, Թեղուտում և Շնողում։ Նոյեմբերի 4-ից 8-ը Նարեկացի արվեստի միությունում, «ՈւՍՄՈՒՆՔ» դպրոցում, ինչպես նաև Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 դպրոցում անցկացվելու են ստեղծագործական հանդիպումներ։ Փառատոնի մեկնարկը տրվելու է «Հեքիաթներ կախարդական այգուց» (Չեխիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆրանսիա, 2025) անիմացիոն ֆիլմի պրեմիրեայով։ Ֆիլմի պրեմիերան նաև տեղի է ունեցել Բեռլինի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ։ Ֆիլմը հանդիսանում է «Անսի» կինոփառատոնի մրցանակակիր, «Ջիֆոնի» կինոփառատոնի “ECFA” մրցանակակիր, Զլինի և Մյունխենի կինոփառատոնների մասնակից։ Փառատոնի շրջանակներում իրականացվելու են մի շարք ֆիլմերի երևանյան պրեմիերաներ։ Բացառիկ իրավունքով կցուցադրվի «Անսի» փառատոնի մրցանակակիր «Հիասքանչ կյանքը» (Չեխիա, Սլովակիա, Ֆրանսիա, 2024) անիմացիոն ֆիլմը։ Ֆիլմը ստացել է Չեխիայի կինոակադեմիայի «Չեխական առյուծ» հատուկ մրցանակը լավագույն անիմացիոն ֆիլմի և լավագույն երաժշտության համար։ Ֆիլմը հանդիսանում է Սլովակիայի “Sun in a Net” մրցանակաբաշխությունում լավագույն անիմացիոն ֆիլմի և լավագույն երաժշտության, Գերմանիայի Շլինգել երեխաների և պատանիների համար միջազգային կինոփառատոնի լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմի դափնեկիր, ինչպես նաև “Just Film” (Էստոնիա) կինոփառատոնի “ECFA” մրցանակակիր։ Ֆիլմը մասնակցել է մի շարք այլ հեղինակավոր կինոփառատոնների ինչպիսիք են՝ Վարշավայի «Երիտասարդ հորիզոններ», Լա Ռոշել, Լոկառնո, Նյու Յորք, Բրյուսել, Ֆրանկֆուրտ, Բարսելոնա, Լյուբլյանա, Մոնրեալ, Մալմյո և այլ քաղաքների կինոփառատոններին։ Փառատոնի երևանյան պրեմիերաներ շարքում ընդգրկված է նաև «Բարտալիի հեծանիվը» (Իտալիա, Հնդկաստան, Իռլանդիա, 2024) ֆիլմը, որը հանդիսանում է բազմաթիվ միջազգային կինոփառատոնների մրցանակակիր։ Հատուկ ցուցադրությունների մեջ ընգրկված են “Союзмультфильм”-ի «Ոսկե Ընտրանին», «Լոլան և աղմկոտ դաշնամուրը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը (2024, Ֆրանսիա), որը հանդիսանում է «Անսի» կինոփառատոնի (Ֆրանսիա) մրցանակակիր, ինչպես նաև «Կոլիբրիի մասին լեգենդը» (2025, Ֆրանսիա) և մի շարք այլ ֆիլմեր, որոնք նույնպես հանդիսանում են բազմաթիվ միջազգային կինոփառատոնների մրցանակակիրներ։ Ֆիլմերը նախատեսված են ամենափոքրիկների համար։ Այս տարի ևս ավանդաբար կշարունակվի «Ռոլան» միջազգային փառատոնի համագործակցությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի հետ։ Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է «Լավագույն ֆրանսիական ֆիլմ» անվանակարգը։ Ծրագրում ընդգրկված են 10 խաղարկային, անիմացիոն (լիամետրաժ, կարճամետրաժ) ֆիլմեր, որոնք հանդիսանում են հեղինակավոր կինոփառատոնների մրցանակակիրներ, այդ թվում՝ «Անսի» (Ֆրանսիա), «Ալե Կինո» (Լեհաստան), «Անիմա» (Բելգիա), Լա Ռոշել (Ֆրանսիա), Լոկառնո (Իտալիա), Նյու Յորք (ԱՄՆ) և այլն։ Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 4-ին, ժամը 19։00-ին Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոնում։ Փառատոնի բոլոր միջոցառումները կազմակերպվում են բացառապես բարեգործական հիմունքներով։ Փառատոնի այս տարվա իմիջային նկարի հեղինակն է Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի սան Սամվել Հակոբյանը (10 տարեկան)։ Միացե՛ք մեզ, և հետևե՛ք փառատոնի ընթացքին և իրականացվող ծրագրերին «Ռոլան» միջազգային փառատոնի կայքէջի, ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերի միջոցով:
Փառատոնի պաշտոնական կայքէջ` http://rolanbf.com/ պաշտոնական ֆեյսբուքյան էջ` /ROLANIFF պաշտոնական ինստագրամյան էջ` @rolanfilmfest ՀՀ, Երևան, Վարդանանց փակուղի, 8 Հեռ.: 093 790 304 Փառատոնի նախագահ` Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյան Փառատոնի մամուլի քարտուղար` Կարինե Գրիգորյան (հեռ.` 091 51 04 79, email: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it ) |
Press 2025
|
|
|
|
|
|
|
|








