ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 20-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ 05․11-09․11․2024
Հարգելի՛ գործընկերներ, սիրով տեղեկացնում ենք. որ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 20-րդ հոբելյանական փառատոնն այս տարի տեղի կունենա 2024թ. նոյեմբերի 5-ից 9-ը Երևանում, ՀՀ 3 մարզերում (Շիրակ (ք․ Գյումրի), Լոռի (ք․ Վանաձոր), Գեղարքունիք (ք․ Գավառ, ք․ Մարտունի)) ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ: Փառատոնի շրջանակում հայկական արտադրության լավագույն ֆիլմերը երեխաների և պատանիների համար կցուցադրվեն նաև Բուխարեստում՝ Մշակույթի հայկական կենտրոնում։ Փառատոնն այս տարի նվիրված կլինի Շարլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին և կկրի «Մեծ երազանքներ՝ մեծ էկրանին» խորագիրը։ Ինչպես միշտ՝ չխախտելով ներդրված ավանդույթները՝ հնարավորություն կստեղծվի փառատոնային բոլոր ծրագրերում ներգրավվելու մարզաբնակ և արցախից տեղահանված երեխաներին, այդ թվում՝ մանկատներից, անապահով ընտանիքներից, ինչպես նաև սահմանափակ կարողություններով երեխաներին և պատանիներին։ Երևան կժամանեն հյուրեր Լեհաստանից, Չեխիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Սերբիայից, Վրաստանից և Ֆինլանդիայից: Շուրջ 40 երկրից ստացած 825 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 116 ֆիլմ՝ 31 երկրից: «Ռոլան» 20-րդ hոբելյանական փառատոնը հավատարիմ է իր որդեգրած ձևաչափին, և այս տարի ևս մանկապատանեկան ժյուրին կազմված է լինելու բացառապես երեխաներից և պատանիներից։ «Լավագույն խաղարկային ֆիլմ» (երկարամետրաժ, կարճամետրաժ) անվանակարգը ներկայացնում են «Այբ» դպրոցի աշակերտները, «Լավագույն անիմացիոն ֆիլմ» (երկարամետրաժ, կարճամետրաժ) անվանակարգը` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգը՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Երևանի մասնաճյուղի սաները, «Լավագույն ֆրանսիական ֆիլմ» անվանակարգը՝ Հայաստանում ֆրանսիական քոլեջի ուսանողները, «Վիշեգրադի լավագույն ֆիլմ» (երկարամետրաժ, կարճամետրաժ) անվանակարգը՝ Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան հ․ 199 հիմնական դպրոցի աշակերտները և «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը` Գավառի մանկատան սաները: Այս տարի ևս փառատոնային ծրագրում ընդգրկված է «Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային անվանակարգը, որտեղ ներկայացված են երեխաների և պատանիների կողմից նկարահանված լավագույն ֆիլմերը երեխաների համար։ «Այբ» դպրոցի աշակերտները ներկայացրել են «Սիրո մի կյանք» ֆիլմը՝ նվիրված հայ լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրին, իսկ Գավառի ավագ դպրոցի աշակերտները՝ «Խաղաղություն» ֆիլմը, որը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած «Երբ ձայնը ստեղծում է պատկեր» միջազգային դպրոցական մրցույթին և ցուցադրվել Կաննում: Փառատոնային օրերին՝ նոյեմբերի 5-ից 9-ը, Երևանում՝ «Կինոմոսկվա»-ում, Մոսկվայի տանը, Սահակյանց անիմացիոն ստուդիայում, Նարեկացի արվեստի միությունում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, «Այբ» դպրոցում և «Երևակ» կրթահամալիրում ցուցադրվելու են փառատոնային լավագույն ֆիլմերը և անցկացվելու են ստեղծագործական հանդիպումներ, վարպետության դասեր, աշխատարաններ, դասախոսություններ: Փառատոնային օրերին՝ նոյեմբերի 5-ից 20-ը, ՀՀ մարզերում՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրիի (Շիրակ) և Վանաձորի մասնաճյուղերում (Լոռի), Գավառի մանկատանը (Գեղարքունիք) և Մարտունու կանանց համայքային խորհուրդ ՀԿ-ում (Գեղարքունիք) կցուցադրվեն փառատոնային լավագույն ֆիլմերը, կանցկացվեն ցուցահանդես-մրցույթներ և հանդիպումներ: Հոբելյանական 20-րդ փառատոնի ծրագրի հատուկ ցուցադրություններից է «Ազնավուրը Շարլի աչքերով» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը (ռեժ․՝ Մարկ դի Դոմենիկո, Շարլ Ազնավուր, Ֆրանսիա, 2019)։ Փառատոնի շրջանակում կանցկացվեն 4 խաղարկային և անիմացիոն ֆիլմերի երևանյան պրեմիերաներ՝ օսկարակիր աշխարհահռչակ դերասան Ջեքի Չանի գլխավոր դերակատարմամբ «Քունգ ֆու նժույգը» (ռեժ․՝ Լարրի Յանգ, Չինաստան, 2023), «Աննեսի» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի մրցանակակիր «Բարև, ամա՜ռ» (ռեժ․՝ Մարտին Սմատանա, Վերոնիկա Զաքարովա, Սլովակիա, Չեխիա, Ֆրանսիա, 2024) և «Թոնին, Շելլին և կախարդական լույսը» (պրեմիերա, ռեժ․՝ Ֆիլիպ Պոշիվաչ, Չեխիա, 2023), «Մանկական ֆիլմերի եվրոպական ասոցիացիա»-ի (ECFA) մրցանակի դափնեկիր «Հրաշալի Նենեն» (ռեժ․՝ Ռամզի Բեն Սլիման, Ֆրանսիա, 2022)։ Ի դեպ, նշենք, որ «Բարև, ամա՜ռ» ֆիլմի ռեժիսոր Մարտին Սմատանան կժամանի Երևան և կանցկացնի դասախոսություն՝ «Արհեստական բանականությունը տեսալսողական մեդիայում» արդիական թեմայով։ Բացառիկ իրավունքով կցուցադրվեն «Աննեսի» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի մրցանակակիր «Լինել քույրեր» (ռեժ.՝ էնն-Սոֆի Գուսսե, Կլեմեն Կեարդ Ֆրանսիա, 2022) և «Կարուսելը» (ռեժ.՝ Ագուստո Շիլլաչի, Արգենտինա, Կանադա, ԱՄՆ, 2022) ֆիլմերը։ Կցուցադրվի հանրահայտ մումինթրոլների հերթական էկրանավորումը՝ «Մունինպապայի սխրանքները. երիտասարդ Մումինի արկածները» ֆիլմը (ռեժ․՝ Իրա Կարպելան, Ֆինլանդիա, Լեհաստան, 2022), որի պրոդյուսեր Թոմ Կարպելանը կժամանի Երևան և փառատոնի շրջանակում կանցկացնի ստեղծագործական հանդիպում։ Նպաստելով հայկական արտադրության ֆիլմերի հանրահռչակմանը՝ փառատոնի ծրագրում ընգրկված են վերջին տարիներին նկարահանված հայկական արտադրության լավագույն ֆիլմերը` «Պոլլի» (ռեժ․՝ Արտյոմ Հարությունյան, 2022), «250 կմ» (ռեժ․՝ Հասմիկ Մովսիսյան, 2022), «Սևանիկ» (ռեժ․՝ Հարութ Թումաղյան, 2023), «Օրոր» (ռեժ․՝ Սիրանուշ Վարդանյան, 2023), «Սիրո մի կյանք» (հեղ․՝ «Այբ» դպրոցի աշակերտներ, 2024), «Խաղաղություն» (հեղ․՝ Գավառի ավագ դպրոցի աշակերտներ, 2024): Ֆիլմերը կցուցադրվեն ոչ միայն Երևանում և ՀՀ մարզերում, այլ նաև Բուխարեստում: Այս տարի փառատոնը հետևյալ կիրականացնի հետևյալ հատուկ ծրագրերը․ 2017թ․-ից ի վեր Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը համագործակցում է «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի հետ։ Այս տարի կիրականացվի «Հայաստան+Վիշեգրադ․ «Ռոլան» 20-րդ ՄՖՄՓ-ը որպես միջմշակութային երկխոսության խորացման կայուն հարթակ» հատուկ ծրագիրը։ Ծրագրի գործընկերներն են Սլովակիայից՝ «Superfilm» կինոարտադրող ընկերությունը, Հունգարիայից՝ «Kid’s Eye Art» ասոցիացիան, Լեհաստանից՝ «HumanDoc» հիմնադրամը, Չեխիայից՝ «Juniorfest» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, Սերբիայից՝ «Media Education Centre» կրթական կենտրոնը և Վրաստանից՝ «Culture and Education Foundation» հիմնադրամը: «Հայաստան+Վիշեգրադ» հատուկ ծրագրի շրջանակում կիրականացվեն.
Այս տարի ևս ավանդաբար կշարունակվի «Ռոլան» միջազգային փառատոնի համագործակցությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի հետ։ Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է «Լավագույն ֆրանսիական ֆիլմ» անվանակարգը։ Անվանակարգում ընդգրկված են 10 խաղարկային և անիմացիոն (երկարամետրաժ, կարճամետրաժ) ֆիլմեր: Ծրագրի շրջանակում կիրականացվեն նաև ֆրանսիական ֆիլմերի կինոդիտումներ Երևանում և ՀՀ երկու մարզերում (Շիրակ, Գեղարքունիք): Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 19։00-ին «Կինոմոսկվա»-ում (կարմիր մեծ դահլիճ)։ Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ին, ժամը 19։00-ին «Կինոմոսկվա»-ում (կարմիր մեծ դահլիճ)։ Բարեգործական հիմունքներով 7000 տոմս կտրամադրվի դպրոցներին և կազմակերպություններին։ Ցուցադրությունները կազմակերպվում են բացառապես բարեգործական սկզբունքով և ներառելու են 9000 մասնակից։
Միացե՛ք մեզ, և հետևե՛ք փառատոնի ընթացքին և իրականացվող ծրագրերին «Ռոլան» միջազգային փառատոնի կայքէջի, ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերի միջոցով:
Փառատոնի պաշտոնական կայքէջ` http://rolanbf.com/ պաշտոնական ֆեյսբուքյան էջ` /ROLANIFF պաշտոնական ինստագրամյան էջ` @rolanfilmfest ՀՀ, Երևան, Վարդանանց փակուղի, 8 Հեռ.: 098 84 53 03
Փառատոնի նախագահ` Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյան Փառատոնի մամուլի քարտուղար` Կարինե Գրիգորյան (հեռ.` 091 51 04 79, email: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it ) |
Press 2024
|
|
|