VERTEX

News

Արվեստն այն «սուտն է», որ օգնում է հասկանալ իրականությունը․ Ռոման Բալայան
Written by Zara

«Ես ուկրաինացի ռեժիսոր եմ հայկական արմատներով: Երևանում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաճախակի հյուրն եմ լինում։ Արցախն էլ իմ հայրենիքն է, և այնտեղ գնալու համար առիթ պետք չէ»,- ասում է ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ռոման Բալայանը, որը վերջերս Երևանում էր։

«Ա1+»-ը հանդիպեց և զրուցեց անվանի ռեժիսորի հետ։

««Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնին էի մասնակցում, հրավիրել էին որպես պատվավոր հյուր։ Առաջին անգամ էի, ասեմ, որ հիանալի էր կազմակերպած, մասշտաբային փառատոն էր։ Նման բան չէի սպասում։ Բացի Երևանից, մարզերը, Արցախն ու անգամ Թբիլիսին էին ներգրավված։ Բայց ինձ համար կարևոր էր այն, որ վարպետության դաս անցկացրեցի Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների համար»։

Ռոման Բալայանն, իր խոսքով, վերջին տաս տարիներին ավելի շատ զբաղված է եղել վարպետության դասեր տալով։

«Երիտասարդներին պետք է ճանապարհ տալ, թող որ նրանք կինոյում իրենց ուժերը փորձեն,- ասում է Բալայանն ու հավելում,- Մի քանի տարի առաջ Երևանում ղեկավարում էի «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերը»։ Իմ չորս ուսանողներին, որոնք լավ պոտենցիալ ունեին, այդպես էլ հնարավորություն չտրվեց ֆիլմ նկարել։ Բա էլ ինչպես պետք է կինոարտադրությունը զարգանա»։

Հայկական ժամանակակից կինոյի մասին նա իր կարծիքը չի փոխում․ «Ավելի ճիշտ կլինի ասել՝ կարծիք չունեմ, որովհետև ժամանակակից կինոարտադրանքին հիմնականում չեմ հետևում։ Ինձ համար կա խորհրդային տարիներին ստեղծված Հայֆիլմի կինոները, որոնք դարձել են դասական նմուշներ։

Այսօր հայերը ինչ էլ նկարում են, կամ խաղում՝ աչքերի մեջ Ցեղասպանություն է։ Ինչո՞ւ օրինակ չեն վերցնում հարևան վրացիներից։ Ասեմ, որ մեր փողոցային հումորն էլ վատ չէ, սակայն ֆիլմերում այն, չգիտես ինչու, բացակայում է»,- ասում է և ընդգծում,- խոսքս լուրջ կինեմատոգրաֆի մասին է»։

Հարցին, թե ինչու հայկական թեմայով որևէ ֆիլմ չի նկարել, Ռոման Բալայանը պատասխանում է, որ նկարահանելու ցանկություն եղել է, է, անգամ բարձրաձայնել է, սակայն որևէ արձագանք կամ հրավեր չի եղել։

Տաս տարվա ընդմիջումից հետո Ռոման Բալայանն այս տարի իր նոր ֆիլմը նկարահանեց։

«Տարիներ երազել եմ սև-սպիտակ ֆիլմ նկարել։ Վերջապես նկարահանեցի։ Սև-սպիտակն արվեստ է։ Ինչպես ասում էր Պիկասոն, «Արվեստն այն «սուտն է», որ օգնում է հասկանալ իրականությունը։ Երբ գույնը մտավ կինո, արվեստը կինոյից սկսեց կամաց-կամաց «հեռանալ», ասես սկսեցին «պատկերել» կյանքը։ Հետո կինոն վերածվեց կոմերցիայի։

Իմ ֆիլմը մարդասիրության, մարդուն կարեկցելու ունակության մասին է։ Մարդիկ այսօր մի տեսակ ավելի անտարբեր են դարձել դիմացինի ցավի հանդեպ։ Սա է հիմնական խնդիրը, որ բարձրաձայնել եմ ֆիլմում»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ, երբ հրդեհվել է շենքը, որտեղ ապրել է Փարաջանովը և ապրում էին Փարաջանովի կինը՝ Սվետլանա Շչերբատյուկը և որդին՝ Սուրեն Փարաջանովը, Ռոման Բալայանն առաջինն էր, որ իր Ֆեյսբուքյան էջում գրել էր այս մասին և կազմակերպել նյութական օգնություն։

«Մինչև Փարաջանովի հետ ծանոթանալը կարծում էի՝ հանճար եմ», կատակում է Բալայանը, «հետո հասկացա հանճարի ու տաղանդի տարբերությունը»։

https://a1plus.am/hy/article/353166