«ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 15-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 2019թ. նոյեմբերի 5-9-ը Երևանում, Հայաստանի 7 մարզերում (Շիրակ (ք. Գյումրի), Լոռի (ք. Ալավերդի), Գեղարքունիք (ք. Գավառ), Արմավիր (ք. Արմավիր), Կոտայք (գ. Զովունի, գ. Կոտայք), Արագածոտն (հ. Կարբի), Արարատ (ք. Արարատ)), Արցախում և Վրաստանում՝ Թբիլիսիում տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ Հոբելյանական միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation) ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի հիմնական նպատակներից մեկն է ապակենտրոնացնել փառատոնային ծրագիրը և միջոցառումները Երևանից դեպի ՀՀ մարզեր ու Արցախ, հնարավորինս շատ ներգրավել և մասնակից դարձնել մարզաբնակ հանրությանը փառատոնին, ինչպես նաև նպաստել փառատոնային հյուրերի և տեղի հանրության միջև անմիջական կապերի ստեղծմանը: Փառատոնի միջազգային աջակիցներն են Վիշեգրադ միջազգային հիմնադրամը, ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության Դեսպանությունը, ՀՀ-ում Ֆրանսիայի Դեսպանությունը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Գյոթեի անվան ինստիտուտը Երևանում (Գերմանիա), Ճապոնիայի հիմնադրամը: Երևան կժամանեն հյուրեր Ռուսաստանից, Չեխիայից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Սլովակիայից, Բելառուսից, Գերմանիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Ուզբեկստանից, Ճապոնիայից և այլն: Շուրջ 68 երկրից ստացված 1020 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 210 ֆիլմ: «Ռոլան» 15-րդ Հոբելյանական փառատոնը հավատարիմ է մնում իր որդեգրած ձևաչափին, և այս տարի ևս մանկապատանեկան ժյուրին կազմված է լինելու բացառապես երեխաներից և պատանիներից Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից, մասնավորապես` «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում` երեխաները Արցախից, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում՝ «Այբ» դպրոցի սաները, «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգում՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները, «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում՝ ՀՀ զորամասերի զինվորները և «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները: Այս տարի ևս փառատոնային ծրագրում ընդգրկված կլինի ոչ մրցութային «Երեխաները երեխաների համար» անվանակարգը, որտեղ ներկայացված կլինեն մի շարք երկրների երեխաների և պատանիների կողմից նկարահանված լավագույն ֆիլմերը երեխաների համար: Փառատոնային օրերի ընթացքում նոյեմբերի 5-9-ը Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում, Կինոյի տանը, Երևանի Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում, Պատանեկության ստեղծագործական կենտրոնում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (Երևան), Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա.Հ. Երիցյանի անվան վարժարանում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում (Երևան), Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում, ԱՅԲ դպրոցում, Սահակյանց ստուդիայում, ՊանԱրմենիա մեդիա դպրոցում, հանրակրթական դպրոցներում ցուցադրվելու են լավագույն փառատոնային անիմացիոն, խաղարկային և վավերագրական ֆիլմեր և անցկացվելու են ստեղծագործական հանդիպումներ, վարպետաց դասեր, աշխատարաններ: Փառատոնային օրերի ընթացքում նոյեմբերի 5-9-ը ՀՀ մարզերում՝ Գյումրու «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատանը (ք. Գյումրի, Շիրակ), Գյումրու հանրակրթական դպրոցներում, Ալավերդի քաղաքի մշակույթի տանը (Լոռի), Գավառի մանկատանը (Գեղարքունիք), Արմավիրի մշակույթի տանը (Արմավիր), Զովունի և Կոտայքի գյուղերի մշակույթի տանը (Կոտայք), Արարատի մշակույթի տանը (Արարատ), Կարբի համայքնքի մշակույթի տանը (Արագածոտն), ինչպես նաև հանրակրթական դպրոցներում և այլուր նույնպես կցուցադրվեն լավագույն փառատոնային անիմացիոն, խաղարկային և վավերագրական ֆիլմեր: Փառատոնային Արցախյան փուլը կմեկնարկի Երևանյան փուլի հետ միաժամանակ, սակայն բաղկացած կլինի երկու մասից: Առաջին մասով նոյեմբերի 5-9-ը Ստեփանակերտի Մշակույթի և Երիտասարդության պալատում կցուցադրվեն լավագույն փառատոնային անիմացիոն և խաղարկային ֆիլմերը երեխաների և պատանիների համար: Երկրորդ մասով՝ նոյեմբերի 25-27-ը Ստեփանակերտ կայցելեն հայ անվանի կինոգործիչներ և հանդիպումներ կունենան Արցախցի երեխաների հետ: Բացի այդ մի խումբ երեխաներ Արցախից կժամանեն Երևան՝ մասնակցելու փառատոնի բացման պաշտոնական արարողությանը, որը կկայանա նոյեմբերի 5-ին Մոսկվա կինոթատրոնում և առիթից օգտվելով նաև կայցելեն Երևանի տեսարժան վայրերը, իսկ նոյեմբերի 9-ին Վալլեքս բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Երևան կժամանեն նաև խաղարկային ֆլիմերի ժյուրիի անդամ հանդիսացող երեխաները՝ մասնակցելու փառատոնի փակման պաշտոնական արարողությանը: Մոսկվայից Հայաստան կժամանեն 30 երեխաներից բաղկացած «Յունի Արտիստ» խումբը՝ մասնակցելու փառատոնին և առիթից օգտվելով՝ տեսնելու Հայաստանը, ծանոթանալու նրա տեսարժան վայրերին և մշակույթին: Հոբելյանական 15-րդ փառատոնի Ծրագրի շրջանակներում նախատեսվում են 8 խաղարկային և անիմացիոն ֆիլմերի երևանյան պրեմիերաներ, որոնցից 6-ի ցուցադրություններին ներկա կլինեն ֆիլմերի ռեժիսորները, ինչպես նաև հատուկ ցուցադրություններ: Այս տարի փառատոնը երկու շատ կարևոր ծրագիր է իրականացնում.
Ծրագիրը հանդիսանում է 2017թ. և 2018թ. Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ «Ռոլան Բիկով» Հիմնադրամի կողմից իրականացված երկու ծրագրերի շարունակությունը և ընդլայնումը՝ ներառելով ոչ միայն Երևանը և Հայաստանի արդեն 7 մարզերը, այլև Վրաստանը: Ծրագրի շրջանակներում կիրականացվեն. «Վիշեգրադի ֆիլմերի օրեր Երևանում» կինոդիտումներ և քննարկումներ Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում, Երևանի Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում և Պատանեկության ստեղծագործական կենտրոնում, «Վիշեգրադի ֆիլմերի օրեր ՀՀ մարզերում» կինոդիտումներ և քննարկումներ Գյումրիում, Ալավերդիում, Գավառում, Արարատում, Արմավիրում, Զովունի և Կոտայք գյուղերում: «Վիշեգրադի ֆիլմերի օրեր Վրաստանում». Այս տարի ծրագրի շրջանակներում առաջին անգամ կինոդիտումներ կկազմակերպվեն նաև Վրաստանում՝ Թբիլիսիի հանրակրթական դպրոցներում 2019թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը : Ստեղծագործական հանդիպումներ, վարպետաց դասեր, աշխատարաններ և այլն Երևանի և ՀՀ մարզերի (Արմավիր, Կոտայք, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Արարատ, Արագածոտն) ուսումնական հաստատություններում: Գյումրի այցելության ժամանակ Վիշեգրադի երկրներից ժամանած հյուրերը կայցելեն «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատուն (երկարամյա ավանդական համագործակցության շրջանակներում) և ստեղծագործական հանդիպում կունենան երեխաների հետ: Բացի այս, ծրագրում այս տարի ավելացել է արվեստի բաղադրիչը. Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի հետ համատեղ Վանաձորում նոյեմբերի 5-25-ը ներկայացված կլինի «Վիշեգրադը հայ երեխաների աչքերով» ցուցահանդես/ մրցույթը, որի ընթացքում կցուցադրվեն Վիշեգրադի երկրների, Վրաստանի և Հայաստանի մշակույթային ժառանգությունը պատկերող մոտ 100 նկար, որոնց հեղինակները Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի շուրջ 33 սաներն են: Վիշեգրադի երկրներից և Վրաստանից ժամանած հյուրերից և հայ արվեստագետներից բաղկացած միջազգային ժյուրին կընտրի լավագույն նկարները, որոնց հեղինակները կպարգևատրվեն և կհրավիրվեն մասնակցելու «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ Հոբելյանական միջազգային փառատոնի փակման պաշտոնական արարողությանը: Ծրագրի գործընկերներն են Վիշեգրադի երկրներից (Հունգարիա, Սլովակիա, Չեխիա և Լեհաստան)՝ Սլովակիայում Սլովակ ֆիլմերի ակումբների ասոցիացիան, «Superfilm» կինոարտադրությունը, «ARCHiMERA» ՀԿ, Հունգարիայում «BUSHO» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը, «Kid’s Eye Art» ասոցիացիան, Լեհաստանում «Ale kino!» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, «HumanDoc» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը, «ASP Wroclaw» Վրոցլավի արվեստի և դիզայնի ակադեմիայի նկարչության և քանդակագործության ֆակուլտետը , Չեխիայում «JUNIORFEST» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, «Art Fabrika» արվեստի դպրոցը, Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվ. Թատրոնի և կինոյի պետական համալսարանը: Ծրագրի շրջանակներում ստացված 75 ֆիլմերի (արտադրված Վիշեգրադի երկրներում) հայտերից ծրագրում ընդգրկվել է 19 ֆիլմ: Ֆիլմերը ներկայացվել են ծրագրի գործընկերների կողմից:
Համաձայն ծրագրի՝ նախատեսվում է անցկացնել. «ԱՊՀ երկրների ֆիլմերի շաբաթ Հայաստանում» (Երևան, Գավառ և Ալավերդի քաղաքներում), որի շրջանակներում կցուցադրվեն վերջին տարիներին ԱՊՀ երկրներում, Ուկրաինայում և Վրաստանում արտադրված խաղարկային և անիմացիոն լավագույն ֆիլմերը: Կինոդիտումներից հետո նախատեսվում են ցուցադրված ֆիլմերի քննարկումներ ԱՊՀ երկրներից և Վրաստանից ժամանած կինոգործիչների մասնակցությամբ: Ցուցադրությունները կկազմակերպվեն Երևանում «Մոսկվա» կինոթատրոնում, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում, Հայ-Ռուսական համալսարանում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում, հանրակրթական դպրոցներում, իսկ ՀՀ մարզերում՝ Գավառի մանկատանը և Ալավերդու մշակույթի տանը: Նոյեմբերի 5-ին տեղի կունենա «Միասնություն բազմազանության մեջ. կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց» խորագրով կլոր սեղան-քննարկում, որին կմասնակցեն ծրագրի հյուրերը, ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՍՄ նախարարությունից, ՀՀ կինոմատոգրաֆիստների միությունից, մասնագիտական բարձրագույն ուսումնական հաստատություններից, ուսումնական կենտրոններից, մասնավոր կինոստուդիաներից և հանրակրթական դպրոցներից, երիտասարդ կինոգործիչներ և ուսանողներ: Կկազմակերպվեն նաև ստեղծագործական հանդիպումներ և վարպետաց դասեր հյուրերի մասնակցությամբ ուսանողների, երիտասարդ կինոգործիչների և բոլոր հետաքրքրված անձանց համար Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Հայ-Ռուսական համալսարանում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Սահակյանց ստուդիայում, Պատանեկության ստեղծագործական կենտրոն, Պան Արմենիա մեդիադպրոցում, Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա.Հ. Երիցյանի անվան դպրոցում և հանրակրթական դպրոցներում: Ստացված 65 ֆիլմերի (արտադրված ԱՊՀ երկրներում, Ուկրաինայում և Վրաստանում) հայտերից ծրագրում ընդգրկվել է 40 ֆիլմ: Անցյալ տարի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ Փառատոնում ստեղծվեց նոր անվանակարգ՝ «Ֆրանկոֆոն ֆիլմերի» անվանակարգը, և այս տարի այն մրցութային է: Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ Հայաստան կժամանի 2016թ. ֆրանսիական արտադրության «Փոքրիկ Սպիրուն» ֆիլմի ռեժիսոր Նիկոլա Բարին ընտանիքի հետ և ներկա կգտնվի ֆիլմի երևանյան պրեմիերային, որը ներառված է այդ անվանակարգում: Ֆիլմում գլխավոր դերերից մեկը մարմնավորում է Պիեռ Ռիշարը: Ֆիլմը մասնակցել է բազմաթիվ փառատոների, մրցանակի արժանացել 22-րդ «SCHLINGEL» Կինոփառատոնին: Երևանում «Գյոթե կենտրոնի» հետ համատեղ հատուկ ծրագրի շրջանակներում Գերամանիայի Դաշնությունից Հայաստան կժամանեն Մարկ Շլիխտերը՝ ռեժիսոր, դերասան, և Նիկոլ Քելլերհալսը՝ պրոդյուսեր, որոնք կներկայացնեն «Ալֆոնս Ջիթթերբիթ. Հետհաշվարկ մինչև քաոս» (2019) ֆիլմը: Արդեն երկրորդ տարին է, որ «Ռոլան Բիկով» հիմնադրամը համագործակցում է Ճապոնիայի միջազգային հիմնադրամի հետ, և նրա աջակցությամբ այս տարի հատուկ ծրագրի շրջանակներում Ճապոնիայից Հայաստան կժամանի ռեժիսոր, անիմատոր Յոկո Յուկին և հայ հանդիսատեսին կներկայացնի «Գիշերային փաթիլը» անիմացիոն ֆիլմը, հանդիպում կունենա Հայ-Ռուսական համալսարանում: «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ հոբելյանական միջազգային փառատոնի շրջանակներում նախատեսվում են փառատոնի բացման և փակման արարողություններ, մամուլի ասուլիս, կինոդիտումներ, պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ, ստեղծագործական հանդիպումներ, վարպետության դասեր, հանդիպումներ բուհերում, հանրակրթական դպրոցներում, աշխատարաններ, կլոր սեղան քննարկումներ, ինչպես նաև մի շարք կրթամշակութային ծրագրեր, ոչ միայն Երևանում, այլ նաև ՀՀ մարզերում: Ցուցադրությունները և միջոցառումները կազմակերպվում են բացառապես բարեգործական սկզբունքով և ներառելու են 25.000 -30.000 հանդիսատես: Մամուլի ասուլիս – նոյեմբերի 4-ին, ժամը 13:00-ին, «Մոսկվա» կ/թ Փառատոնի բացման արարողություն – նոյեմբերի 5, ժամը 19:00, «Մոսկվա» կ/թ Կարմիր դահլիճ Փառատոնի փակման արարողություն – նոյեմբերի 9, ժամը 19:00, «Մոսկվա» կ/թ Կարմիր դահլիճ
Փառատոնի նախագահ` Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյան Փառատոնի գեղարվեստական ծրագրերի տնօրեն՝ Նելլի Ալելովա Փառատոնի մամուլի քարտուղար` Կարինե Գրիգորյան (հեռ.` 091 51 04 79, e-mail: Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript ) |
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Автор: Zara
|