VERTEX

News

Կինոտոն Հայաստանում եւ Արցախում
Автор: Zara

Սկսվում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14—րդ միջազգային փառատոնին կցուցադրվի 186 կինոնկար շուրջ 63 երկրից։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս տարի Շառլ Ազնավուրին նվիրված փառատոնը կանցկացվի նոյեմբերի 6—10—ը, Երեւանում, Արցախում եւ նոյեմբերի 5—11—ը՝ Հայաստանի հինգ մարզում՝ Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արմավիրում, Կոտայքում։
«Փառատոնի շրջանակում Երեւան կժամանեն հյուրեր Ֆրանսիայից, Կանադայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Սլովակիայից եւ այլ երկրներից։ «Ռոլանը» հավատարիմ է մնում իր որդեգրած ձեւաչափին. այս տարի եւս մանկապատանեկան ժյուրին կազմված կլինի բացառապես երեխաներից եւ պատանիներից՝ Երեւանից եւ ՀՀ մարզերից»,–երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը։
Նրա խոսքով՝ «Խաղարկային ֆիլմեր», «Հանդիսատեսի համակրանք», «Անիմացիոն ֆիլմեր», «Ես իրավունքներ ունեմ», «Պատիվ ունեմ» անվանակարգերին միացել են «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» եւ ոչ մրցութային «Երեխաները՝ երեխաների համար» անվանակարգերը։
Փառատոնը շարունակում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միջմշակութային կապերի առավել խորացմանն ու ընդլայնմանը ուղղված հատուկ ծրագրերի իրագործումը, որի շրջանակում Ռուսաստանից Հայաստան ժամանած ականավոր կինոգործիչները Երեւանում վարպետության դասեր կանցկացնեն, կլինեն հետաքրքիր քննարկումներ։ Պատվավոր հյուրերից են անվանի կինոգետ, պրոդյուսեր, դերասան, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մեդվեդեւը։

Կշարունակվեն ավանդական դարձած սոցիալական ծրագրերը։ Գյումրի այցելության ժամանակ արտերկրից ժամանած փառատոնի հյուրերը կայցելեն «Թռչունյան տուն» երեխաների խնամքի եւ աջակցության կենտրոն եւ հանդիպում կունենան երեխաների հետ։
14—րդ փառատոնի շրջանակում Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ կիրականացնի «Վիշեգրադ—Հայաստան. նոր նախաձեռնություններ միջմշակութային կինոերկխոսությունը ընդլայնելու համար» հատուկ ծրագիրը։ Այն ուղղված է Վիշեգրադի երկրների (Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխիա) եւ Հայաստանի, Վրաստանի միջեւ միջմշակութային երկխոսության խորացմանը։
Ծրագրի ընթացքում կանցկացվեն Վիշեգրադի ֆիլմերի օրեր Հայաստանում, նախատեսվում են քննարկումներ, ստեղծագործական հանդիպումներ։
ՀՀ—ում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան նշեց, որ Վիշեգրադի չորս երկրները մեծ հետաքրքրությամբ են մասնակցում փառատոնին։ «Այս տարի չունենք ներկայացված ֆիլմերի պակաս։ 52 կինոնկար է առաջադրվել եւ դրանցից 22—ն է ընտրվել»,–շեշտեց նա եւ հավելեց, որ վերոնշյալ երկրներից բազմաթիվ կինոգործիչներ կգան Հայաստան իրենց մասնակցությունն ունենալու յուրահատուկ փառատոնին։
ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի հարցերով խորհրդական Ալեքս Բորտալանն ընդգծեց, որ երրորդ տարին է, ինչ համագործակցում են փառատոնի հետ։ «Այս տարի 18 ֆրանսիական արտադրության ֆիլմ է ներառվել փառատոնի ծրագրում, կան կինոնկարներ, որոնք նկարահանվել են ֆրանսիացի ստեղծագործողների ջանքերով։ Ընդգրկվել են նաեւ ֆրանկոֆոն այլ երկրների ժապավեններ»,–շեշտեց նա։
Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ հատուկ ծրագրի շրջանակում Գերմանիայի Դաշնությունից Հայաստան կժամանի Կլաուդիա Պրիեցելը՝ ռեժիսոր, պրոդյուսեր, դերասանուհի, ով կներկայացնի «Սուպեր Մոդոն» ֆիլմը։
Ճապոնիայի միջազգային հիմնադրամի աջակցությամբ հատուկ ծրագրում կներկայացվի անվանի անիմատոր Միյո Սատոնի «Աղվեսներ» անիմացիոն ֆիլմը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  http://www.hhpress.am/