VERTEX

News

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Գրել է Zara

ՎԻՇԵԳՐԱԴ-ԵՐԵՎԱՆ-ՀՀ ՄԱՐԶԵՐ. ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՄԱՐ

ԾՐԱԳԻՐ

2018թ. նոյեմբերի 6-10-ը Երևանում, 5-11-ը Հայաստանի մարզերում (Շիրակ (ք. Գյումրի), Լոռի (ք. Վանաձոր, ք. Ալավերդի, h. Շնող, h. Թեղուտ, հ. Քարկոփ), Գեղարքունիք (ք. Գավառ, ք. Մարտունի), Արմավիր (ք. Էջմիածին), Կոտայք (գ. Զովունի)) Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամը Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնելու է «Վիշեգրադ-Հայաստան (Երևան, ՀՀ մարզեր). նոր նախաձեռնություններ միջմշակութային Կինոերկխոսությունը ընդլայնելու համար» ծրագիրը՝ ուղղված Վիշեգրադի երկրների (Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխիա) և Հայաստանի ու Վրաստանի միջև միջմշակութային երկխոսության տարածմանն և ընդլայնմանը, անմիջական կապերի ստեղծմանն ու խորացմանը՝ ներգրավելով Հայաստանի մարզերը:

Ծրագիրը հանդիսանում է 2017թ. Հիմնադրամի կողմից իրականացված «Վիշեգրադ-Հայաստան. «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը որպես հարթակ միջմշակութային երկխոսության համար» հատուկ ծրագրի շարունակությունը և ընդլայնումը՝ ներառելով ոչ միայն Երևանը, այլ նաև Հայաստանի 5 մարզերը:

Ծրագրի գործընկերներն են Վիշեգրադի երկրներից՝ Սլովակիայում «ALEF FILM & MEDIA» արտադրող ընկերությունը և Սլովակ ֆիլմերի ակումբների ասոցիացիան, Հունգարիայում «BUSHO» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը,  Լեհաստանում «Ale kino!» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, «HumanDoc» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը, Չեխիայում «JUNIORFEST» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը:

Ծրագրի շրջանակներում ստացված 52 ֆիլմերի (արտադրված Վիշեգրադի երկրներում) հայտերից ծրագրում ընդգրկվել է 22 ֆիլմ: Ֆիլմերը ներկայացվել են ծրագրի գործընկերների կողմից:

Հայաստանում Վիշեգրադի ֆիլմերի օրերի շրջանակներում կիրականացվեն կինոդիտումներ և քննարկումներ և կցուցադրվեն ընտրված լավագույն ֆիլմերը Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Շնողում, Թեղուտում, Քարկոփում, Գավառում, Մարտունիում, Էջմիածնում և Զովունիում:

Հայաստան կժամանեն հյուրեր Սլովակիայից՝ պրոդյուսեր, «ALEF FILM & MEDIA» արտադրող ընկերության տնօրեն՝ Մարիան Ուրբանը, և ռեժիսոր՝ Յուրայ Կրալը, Հունգարայից՝ «BUSHO» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի ծրագրերի ղեկավար՝ Ակոշ Մեստերը, և ռեժիսոր, «BUSHO» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի փորձագետ՝ Բալաշ Սիմոնյին, Լեհաստանից՝ «Ale kino!» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի ծրագրերի խորհրդատու, ռեժիսոր՝ Ջասեկ Ռեմբիշը և ռեժիսոր, վավերագրական ֆիլմերի հեղինակ՝ Ջուլիա Գրոսզեկը, Չեխիայից՝ «JUNIORFEST» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի անիմացիոն ֆիլմերի ծրագրի խորհրդատու, անիմատոր՝ Պավլա Բաստանովան և անիմատոր Ֆիլիպ Դիվիակը, ինչպես նաև Վրաստանից՝ ռեժիսոր, պրոդյուսեր, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի թատրոնի և կինոյի պետական համալսարանի կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետի դեկան՝ Օտար Լիտանիշվիլին և ռեժիսոր, Վրաստանի Շոթա Ռուսթավելիի թատրոնի և կինոյի պետական համալսարանի համալսարանական խորհրդի ղեկավար, պրոֆեսոր՝ Դավիթ (Դաթո) Ջանելիձեն, Վիշեգրադի երկրների հետ միջմշակութային երկխոսության մասնակից դարձնելով նաև տարածաշրջանում հարևան երկիրը:

Միջոցառումները նախատեսվում է անցկացնել Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում, Կինոյի տանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Հայ-ռուսական համալսարանում, Հայաստանում ֆրանսիական համալսարանում, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Սահակյանց անիմացիոն ստուդիայում, «Այբ» դպրոցում  և ՀՀ մարզերում՝ Գյումրու թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Ավ. Իսահակյանի անվան տուն-թանգարանում, «Թռչունյան տուն» երեխաների խնամքի և աջակցության կենտրոնում, Գյումրու թիվ 7, 21, 23 հանրակրթական դպրոցներում (Շիրակ), Վանաձորի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, Ալավերդու, Վանաձորի, Շնողի, Թեղուտի, Քարկոփի մշակույթի տներում (Լոռի), Գավառի մանկատանը, Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցում (Գեղարքունիք), Էջմիածնի մշակույթի տանը (Արմավիր), Զովունիի մշակութային կենտրոնում (Կոտայք), հանրակրթական  դպրոցներում և այլուր:

Ցուցադրությունները և միջոցառումները կազմակերպվում են բացառապես բարեգործական սկզբունքով:

Միջոցառումների ծրագիր

Երևանում՝

  • Նոյեմբերի 5Մամուլի ասուլիս
  • Նոյեմբերի 6-10 - «Վիշեգրադի ֆիլմերի օրեր Երևանում» (ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ Վիշեգրադից ժամանած կինոգործիչների հետ)
  • Նոյեմբերի 6, 9 և 10Ստեղծագործական հանդիպումներ մասնագիտացված համալսրաններում/ինստիտուտներում, դպրոցներում և այլն
  • Նոյեմբերի 6-10 - Հանդիպումներ ԶԼՄ-ների հետ

 

ՀՀ մարզերում՝

  • Նոյեմբերի 5-11 - «Վիշեգրադի ֆիլմերի օրեր Հայաստանի մարզերում» (ֆիլմերի ցուցադրություններ 5 մարզերում՝ (Շիրակ (ք. Գյումրի), Լոռի (ք. Վանաձոր, ք. Ալավերդի, h. Շնող, h. Թեղուտ, հ. Քարկոփ), Գեղարքունիք (ք. Գավառ, ք. Մարտունի), Արմավիր (ք. Էջմիածին), Կոտայք (գ. Զովունի))
  • Նոյեմբերի 7 և 8 - «Վիշեգրադ+Հայաստան. երկխոսություն կինոտարածության մեջ»

2 կլոր-սեղան քննարկումներ Գյումրիում (Շիրակի մարզ) և Վանաձորում (Լոռու մարզ)

  • Նոյեմբերի 7 և 8Ստեղծագործական հանդիպումներ Գյումրիի (Շիրակի մարզ) և Վանաձորի (Լոռու մարզ) մասնագիտացված համալսարաններում/ ինստիտուտներում, դպրոցներում, մանկատներում և այլն:
  • Նոյեմբերի 7 և 8Հանդիպումներ մարզային ԶԼՄ-ների հետ:
  • Նոյեմբերի 5-11 - «Վիշեգրադ, բարի գալուստ Հայաստան» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի նկարահանում հյուրերի մասնակցությամբ

Ծրագրի ղեկավար` Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ՝ Նունե Մանուկյան

Ծրագրի համակարգող՝ Եվգենիյա Խաչատրյան

(հեռ.` 091 90 74 76, e-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար )