VERTEX

News

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Գրել է Zara

«ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 14-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

2018թ. նոյեմբերի 6-10-ը Երևանում և Արցախում, 5-11-ը՝ Հայաստանի 5 մարզերում (Շիրակ (ք. Գյումրի), Լոռի (ք. Վանաձոր, ք. Ալավերդի, h. Շնող, h. Թեղուտ, հ. Քարկոփ), Գեղարքունիք (ք. Գավառ, ք. Մարտունի), Արմավիր (ք. Էջմիածին), Կոտայք (գ. Զովունի)) տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation)` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի միջազգային աջակիցներն են ՀՀ-ում Ֆրանսիայի Դեսպանությունը, ՀՀ-ում Կանադայի Դեսպանությունը (նստավայրը Մոսկվա), Ռուսաստանի Դաշնության Դեսպանությունը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Գյոթեի անվան ինստիտուտը Երևանում (Գերմանիա):

Այս տարի Փառատոնը նվիրվում է Շառլ Ազնավուրին:

Շուրջ 63 երկրից ստացված 970 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 186 ֆիլմ:

Երևան կժամանեն հյուրեր Ֆրանսիայից, Կանադայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Չեխիայից, Լեհաստանից, Վրաստանից, Ճապոնիայից և այլն:

«Ռոլան» 14-րդ փառատոնը հավատարիմ է մնում իր որդեգրած  ձևաչափին և այս տարի ևս մանկապատանեկան ժյուրին կազմված է լինելու բացառապես երեխաներից և պատանիներից Երևանից և ՀՀ մարզերից, մասնավորապես` «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի, Շնող, Թեղուտ, Քարկոփ համայնքների երեխաները, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները, «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգում՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները, և «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում՝ ՀՀ զորամասերի զինվորները:

Այս տարի Փառատոնը համալրվել է 2 նոր անվանակարգով՝ «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ», Ֆրանկոֆոն երկրների լավագույն ֆիլմերի (խաղարկային, անիմացիոն) «Ապրել միասին. «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը որպես հարթակ խթանելու Ֆրանկոֆոն երկրների մշակույթի տարածումը միջմշակութային երկխոսության միջոցով» հատուկ ծրագրի շրջանակներում և  ոչ մրցութային «Երեխաները երեխաների համար» անվանակարգն է, որտեղ ներկայացված կլինեն մի շարք երկրների երեխաների և պատանիների կողմից նկարահանված լավագույն ֆիլմերը երեխաների համար:

Փառատոնային օրերի ընթացքում նոյեմբերի 6-10-ը Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում, Կինոյի տանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Հայ-ռուսական համալսարանում, Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, հանրակրթական դպրոցներում, և այլն ցուցադրվելու են փառատոնային լավագույն անիմացիոն, խաղարկային և վավերագրական ֆիլմեր:

Փառատոնային օրերի ընթացքում նոյեմբերի 5-11-ը ՀՀ մարզերում՝ Գյումրու թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում, «Թռչունյան տուն» երեխաների խնամքի և աջակցության կենտրոնում, Գյումրու թիվ 7, 21, 23 հանրակրթական դպրոցներում (Շիրակ), Վանաձորի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, Ալավերդու, Վանաձորի, Շնողի, Թեղուտի, Քարկոփի մշակույթի տներում (Լոռի), Գավառի մանկատանը, Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցում (Գեղարքունիք), Էջմիածնի մշակույթի տանը (Արմավիր), Զովունիի մշակութային կենտրոնում (Կոտայք), հանրակրթական  դպրոցներում և այլն նույնպես կցուցադրվեն փառատոնային լավագույն անիմացիոն, խաղարկային և վավերագրական ֆիլմեր:

Փառատոնային արցախյան փուլը կմեկնարկի երևանյան փուլի հետ միաժամանակ: Նոյեմբերի 6-10 «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի կինոդահլիճում (Ստեփանակերտ) ցուցադրվելու են լավագույն փառատոնային անիմացիոն և խաղարկային ֆիլմեր երեխաների և պատանիների համար:

Ցուցադրությունները կազմակերպվում են բացառապես բարեգործական սկզբունքով՝ ընդգրկելով 25 000-ից ավելի հանդիսատես Երևանից, Ստեփանակերտից և ՀՀ մարզերից (5):

Այս տարի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն իրականացավ Հայաստանում: Գագաթնաժողովի շրջանակում բազմաթիվ միջոցառումներ իրականացան և շարունակում են իրականացվել Երևանում և մարզերում, ուրախ ենք, որ հիմնադրամն ու փառատոնը ևս անմասն չմնացին գագաթնաժողովին նվիրված իրականացվող ծրագրերից և իրենց ներդրումը կունենան ֆրանկոֆոն երկրների մանկապատանեկան ֆիլմերի ու ֆրանսերեն լեզվի տարածմանը Երևանում և ՀՀ մարզերում՝ կազմակերպելով ֆրանկոֆոն երկրների մանկապատանեկան լավագույն ֆիլմերի ցուցադրությունները. «Ապրել միասին. «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը որպես հարթակ՝ խթանելու Ֆրանկոֆոն երկրների մշակույթի տարածումը միջմշակութային երկխոսության միջոցով» հատուկ ծրագրի շրջանակում (Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ): Ծրագրի շրջանակներում Փառատոնային հիմնական անվանակարգերի ծրագրում ստեղծվել է նոր անվանակարգ «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ», որը նախատեսվում է դարձնել ավանդական: Հյուրերի կազմում կլինեն անվանի կինոգործիչներ Ֆրանսիայից, Կանադայից:

14-րդ փառատոնի շրջանակներում Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամը Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնելու է՝ «Վիշեգրադ-Հայաստան (Երևան, ՀՀ մարզեր). նոր նախաձեռնություններ միջմշակութային Կինոերկխոսությունը ընդլայնելու համար» հատուկ ծրագիրը՝ ուղղված Վիշեգրադի երկրների (Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխիա) և Հայաստանի ու Վրաստանի միջև միջմշակութային երկխոսության խորացմանը ոչ միայն Երևանում, այլ նաև ՀՀ մարզերում՝ ներառելով ավելի շատ հանդիսատես, օգտագործելով Ռոլան մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը որպես աջակցող հարթակ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել Վիշեգրադի ֆիլմերի օրեր Հայաստանում, կինոդիտումներ և քննարկումներ, կլոր-սեղան քննարկումներ, ստեղծագործական հանդիպումներ և այլն Երևանում և, ինչը հատկանշական է՝ ՀՀ մարզերում (Արմավիր, Կոտայք, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք): Հայաստան կժամանեն հյուրեր Վիշեգրադի երկրներից (Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխիա) և Վրաստանից:

Շարունակվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև միջմշակութային կապերի առավել խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հատուկ ծրագրերի իրագործումը, որի շրջանակներում Ռուսաստանից ժամանած ականավոր կինոգործիչները կունենան հանդիպումներ, վարպետության դասեր, ֆիլմերի պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ և այլն: Պատվավոր հյուրերից են՝ անվանի կինոգետ, պրոդյուսեր, դերասան, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, «Նիկա» մրցանակի կրկնակի դափնեկիր, կինոքննադատ Արմեն Մեդվեդևը:

Հայաստան կժամանի նաև ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Կաննի «Ոսկե Արմավենի» մրցանակակիր, «Նիկա» մրցանակի քառակի դափնեկիր և ռուսական «Ստայեր» կինոստուդիայի հիմնադիր, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Գարրի Բարդինը: Փառատոնի շրջանակներում կկայանա «Բոլերո» անիմացիոն ֆիլմի պրեմիերան: Ծրագրի շրջանակներում ընդգրկվել են վերջին 2 տարում նկարահանված ռուսական արտադրության լավագույն ֆիլմերը:

Կշարունակվեն արդեն ավանդական դարձած սոցիալական ծրագրերը: Գյումրի այցելության ժամանակ արտերկրից ժամանած Փառատոնի հյուրերը կայցելեն «Թռչունյան տուն» երեխաների խնամքի և աջակցության կենտրոնում (երկարամյա ավանդական համագործակցության շրջանակներում) և ստեղծագործական հանդիպում կունենան երեխաների հետ:

Գյոթեի անվան ինստիտուտի հետ համատեղ հատուկ ծրագրի շրջանակներում Գերամանիայի Դաշնությունից Հայաստան կժամանի Կլաուդիա Պրիեցելը՝ ռեժիսոր, պրոդյուսեր, դերասան (Գերմանիա), ով կներկայացնի «Սուպեր Մոդոն» (2018) ֆիլմը (ռեժիսոր՝ Լիկարիոն Վայնայնա): Կկայանան «Սուպեր Մոդոն» (ռեժիսոր՝ Լիկարիոն Վայնայնա, Գերմանիա), «Ավազ» (ռեժիսոր՝ Դիրք Քումմեր, Գերմանիա, Չեխիա), «Վենդի 2. հավերժ ընկերներ»  (ռեժիսոր՝ Հաննո Օլդերդիսսեն, Գերմանիա) ֆիլմերի պրեմիերաները:

Ճապոնիայի միջազգային հիմնադրամի աջակցությամբ հատուկ ծրագրի շրջանակներում Ճապոնիայից Հայաստան կժամանի ռեժիսոր, անվանի անիմատոր Միյո Սատոն և հայ հանդիսատեսին կներկայացնի  «Աղվեսներ» անիմացիոն ֆիլմը, հանդիպում կունենա Հայ-ռուսական համալսարանում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Սահակյանց անիմացիոն ստուդիայում:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նախատեսվում են փառատոնի բացման և փակման արարողություններ, մամուլի ասուլիսներ, կինոդիտումներ, պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ, ստեղծագործական հանդիպումներ, կլոր սեղան քննարկումներ, վարպետության դասեր, հանդիպումներ բուհերում, հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև մի շարք սոցիալական, կրթամշակութային ծրագրեր:

 

Փառատոնի բացման արարողություն – նոյեմբերի 6, ժամը 19:00, «Մոսկվա» կ/թ Կարմիր դահլիճ

Փառատոնի փակման արարողություն – նոյեմբերի 10, ժամը 19:00, «Մոսկվա» կ/թ Կարմիր դահլիճ

 

Փառատոնի նախագահ` Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյան

Փառատոնի գեղարվեստական ծրագրերի տնօրեն՝ Նելլի Ալելովա

Փառատոնի մամուլի քարտուղար` Կարինե Գրիգորյան

(հեռ.` 091 51 04 79, e-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար )