|
«ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 13-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ 2017թ. նոյեմբերի 7-11-ը Երևանում, Ալավերդիում և Գավառում տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 13-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation)` ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնի միջազգային աջակիցներն են ՀՀ-ում Ֆրանսիայի Դեսպանությունը, Ռուսաստանի Դաշնության Դեսպանությունը, Գերմանիայի Դաշնության Դեսպանությունը: Շուրջ 57 երկրներից ստացված 950 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 180 ֆիլմ: Երևան կժամանեն հյուրեր Ֆրանսիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Չեխիայից, Լեհաստանից, և այլ երկրներից: «Ռոլան» 13-րդ փառատոնի ընթացքում ժյուրիի նախորդ տարիների ձևաչափը պահպանվել է, որտեղ բացառապես աշխատելու են երեխաներ և երիտասարդներ, մասնավորապես` «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Շնող և Թեղուտ համայնքների երեխաները, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները և «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում՝ ոչ միայն ՀՀ, այլ` այս տարի նաև Արցախի զորամասերի զինվորները: Փառատոնային 5 օրերի ընթացքում Երևանում («Մոսկվա» կ/թ, «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոն, Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտ, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոն, և այլն), Ալավերդիում, Գավառում և այլն ցուցադրվելու են լավագույն փառատոնային անիմացիոն, խաղարկային և վավերագրական ֆիլմեր: Ցուցադրությունները կազմակերպվում են բացառապես բարեգործական սկզբունքով: Շարունակվում է փառատոնի համագործակցությունը ՀՀ Պաշտպանության նախարարության հետ, որի արդյունքում ստեղծվել է «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգը: Այս անվանակարգը նպատակ ունի կինոյի միջոցով նպաստել զինվորների գաղափարական դաստիարակությանը, բանակի մարտական ոգու բարձրացմանը: Լավագույն հայրենասիրական ֆիլմերը օգոստոսից ի վեր արդեն իսկ ցուցադրվել են ոչ միայն ՀՀ այլ նաև Արցախի զորամասերի զինվորների համար: Հարկ է նշել, որ այս տարի Փառատոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ կցուցադրվի 2017թ. Օսկարակիր` «Երգիր» (ռեժիսոր՝ Քրիստոֆ Դեակ, Հունգարիա) ֆիլմը: Ֆիլմի հատուկ ցուցադրություն կիրականացվի նաև ֆիլմի օպերատոր Ռոբերտ Մալիի մասնակցությամբ: Տեղի կունենա նաև՝ Կարեն Շահնազարովի «Աննա Կարենինա. Վրոնսկու պատմությունը» ֆիլմի պրեմիերա, դերակատար Իվան Կոլեսնիկովի մասնակցությամբ: Մասնակիցների կազմում կլինեն նաև բազմաթիվ հյուրեր այլ երկրներից, այդ թվում՝ Գերմանիայից՝ դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Նատյա Բրունկհորսթը, ով կներկայացնի «Սարերի հրաշք. անսպասելի ընկերություն» ֆիլմը, որի պրեմիերան տեղի կունենա Փառատոնի շրջանակներում, Ֆրասիայից՝ հանրահայտ պրոդյուսեր Ալեն Գրանժերարը, ով կներկայացնի Էմիր Կուստուրիցայի մասնակցությամբ «Նիկոստրատոս հավալուսնը» ֆիլմը: Կիրականանա նաև «Վենդի» (ռեժիսոր՝ Դագմար Սեում, Գերմանիա) ֆիլմի Հայաստանյան պրեմիերան: Այս տարի փառատոնի շրջանակներում Հայաստանի Ռոլան Բիկով Հիմնադրամը կշարունակի արդեն ավանդական դարձած «Դու մենակ չես... Միասին կհաղթենք» հատուկ ծրագիրը, որի շրջանակներում փառատոնի հավատարիմ բարեկամ`ՌԴ «Ոսկե օստապ» մրցանակի երկակի դափնեկիր, «Ոսկե խոյ» մրցանակակիր, «Երալաշ» մանկական հումորային հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին կայցելի «Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ և հանդիպում կունենա բուժվող երեխաների հետ: Փառատոնի ընթացքում նաև կցուցադրվեն ռեժիսորի՝ «Երալաշ» մանկական կինոամսագրի նոր համարներ: 13-րդ փառատոնի շրջանակներում Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամը Վիշեգրադ միջազգային հիմնադրամի և Նիդերլանդների Արտաքին Գործերի Նախարարության աջակցությամբ իրականացնելու է՝ «Վիշեգրադ-Հայաստան. «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը որպես հարթակ միջմշակութային երկխոսության համար» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Հայաստան կժամանեն հյուրեր Վիշեգրադի երկրներից (Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխիա): «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 13-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նախատեսվում են փառատոնի բացման և փակման արարողություններ, մամուլի ասուլիսներ, կինոդիտումներ, պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ, ստեղծագործական հանդիպումներ, վարպետության դասեր, հանդիպումներ բուհերում, հանրակրթական դպրոցներում, workshop-եր, կլոր սեղան քննարկումներ, ինչպես նաև մի շարք կրթամշակութային ծրագրեր:
Փառատոնի բացման արարողություն – նոյեմբերի 7 ժամը 19:00 «Մոսկվա» կ/թ Կարմիր դահլիճ Փառատոնի փակման արարողություն – նոյեմբերի 11 ժամը 19:00 «Մոսկվա» կ/թ Կարմիր դահլիճ
|
|
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Автор: Zara
|







