VERTEX

News

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնում կկայանա 3 ֆիլմի պրեմիերա
Գրել է Zara

Նոյեմբերի 7-11-ը Երևանում, Ալավերդիում և Գավառում կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 13-րդ փառատոնը, որի ընթացքում  նախատեսվում են կինոդիտումներ, վարպետության դասեր, ստեղծագործական երեկոներ, պրեմիերաներ, միջազգային փառատոնների պրեզենտացիաներ, կլոր սեղան քննարկումներ, հանդիպումներ հանրակրթական դպրոցներում, մանկատներում և այլ միջոցառումներ:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 13-րդ միջազգային փառատոնը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի միջազգային աջակիցներն են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, Ռուսաստանի Դաշնության Դեսպանությունը, Գերմանիայի  Դաշնության Դեսպանությունը:

Շուրջ 57 երկրներից ստացված 950 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է180 ֆիլմ:

Երևան են ժամանել հյուրեր Ֆրանսիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Չեխիայից, Լեհաստանից և այլ երկրներից:

ՀՀ «Ռոլան Բիկով»> հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը տեղեկացրեց, որ ժյուրիի նախորդ տարիների ձևաչափը պահպանվել է, փառատոնի ընթացքում  բացառապես աշխատելու են երեխաներ և երիտասարդներ, և հավելեց, որ փառատոնը ընդլայնել է ցուցադրությունների աշխարհագրությունը. «Փառատոնի 5 օրերի ընթացքում Երևանում, Ալավերդիում, Գավառում ցուցադրվելու են լավագույն փառատոնային անիմացիոն, խաղարկային և վավերագրական ֆիլմեր: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունն ազդարարեց Օսկարակիր՝ «Երգիր» (ռեժիսոր՝ Քրիստոֆ Դեակ, Հունգարիա) ֆիլմով: Տեղի կունենա նաև՝ Կարեն Շահնազարովի «Աննա Կարենինա.Վռոնսկու պատմությունը» ֆիլմի պրեմիերան: Ընդհանուր առմամբ փառատոնի ընթացքում 3 պրեմիերա ունենք», -ասում է տիկին Մանուկյանն ու շարունակում, որ գերմանացի դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Նատյա Բրունկհորսթը կներկայացնի «Սարերի հրաշք. Անսպասելի ընկերություն» ֆիլմը: Կիրականանա նաև «Վենդի» ֆիլմի հայաստանյան պրեմիերեն:

Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն էլ ասաց թե շատ ուրախ է, որ այս տարի կինոփառատոնը ընդլայնել է ցուցադրությունների աշխարհագրությունը. ‹‹Ինչպես գիտեք, վերջին տարիներին գերմանական ֆիլմերը նույնպես մասնակցում են փառատոնին: Այս տարի հասանք նրան, որ նախորդ տարվա 6 ֆիլմի փոխարեն, այս տարի փառատոնում ընդգրկվել է 14 գերմանական ֆիլմ, այդ թվում կայանալու է երկու ֆիլմի պրեմիերա: Այս տարի գերմանիայի դեսպանությունը նաև ֆինանսապես է աջակցում փառաոնին››, -եզրափակեց դեսպանը:

Երևանում Ֆրանսիայի հանրապետության դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով կցորդ Նատալիա Ցագրիսը կարևորեց այն փաստը, որ փառատոնի շրջանակում ֆիլմերը կցուցադրվեն մայրաքաղաքից դուրս, ինչպես նաև հիվանդանոցներում ու որբանոցներում.  «Մենք աջակցում ենք այդ գաղափարին: Փառատոնի ընթացքում ցուցադրությունները պետք է բոլորին հասանելի լինի», -ասաց նա և հավելեց. «Այս տարի Ֆրանսիան 2 անգամ է մասնակցում: Փառատոնին ներկայացված է ֆրանսիական և՛ կարճամետրաժ, և՛ լիամետրաժ, և՛ մուլտիպլիկացիոն տասից ավելի ֆիլմեր››:

Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպանության դեսպանորդ Անդրեյ Պավլովիչի խոսքով էլ, փառատոնի անցկացման գլխավոր իմաստն այն է, որ ցուցադրվում են այնպիսի ֆիլմեր, որոնք բարություն են տարածում, ներկայացնում են մարդկային բարձր արժեքներ, սովորեցնում են երեխաներին մտածել և կայացնել որոշումներ կյանքի տարբեր իրավիճակներում: Ինչպես նաև սովորեցնում են գնահատել ընկերությունը և համեբերտար ու բարյացկամ գտնվել իրենց ընկերների ու հարազատների հետ:

Նունե Մանուկյանը տեղեկացրեց, որ ցուցադրությունները կազմակերպվում են բարեգործական սկզբունքով: Փառատոնի շրջանակներում Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամի և Նիդերլանդների Արտաքին Գործերի նախարարության աջակցությամբ իրականացվելու է ‹‹Վիշեգրադ-Հայաստան. ‹‹Ռոլան›› մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, որպես հարթակ միջմշակութային երկխոսության համար›› ծրագիրը:

ՀԵՐՄԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

http://iravunk.com/news/43547