VERTEX

News

Ավարտվեց «Ռոլան» մանկապատենական ֆիլմերի 12-րդ փառատոնը
Գրել է Zara

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 9-ին`«Մոսկվա» կինոթատրոնում: Ամփոփվեցին կինոդիտումների արդյունքները, հայտարարվեցին մրցանակի արժանացած ֆիլմերը: «Նայելով դահլիճում նստածների քանակին՝ կարող ենք ասել, որ փառատոնը շատ հաջող է անցել և ցանկանում ենք պատվորգիր հանձնել «Союзмультфильм»-ին՝ մեզ հետ համագործակցելու համար: Նրանց մուլտերով բազում սերունդներ են դաստիարակվել ու կրթվել»,-նշեց փառատոնի հիմնադիր-տնօրեն Նունե Մանուկյանը:

Փառատոնի փակման արարողությանը մասնակցության համար շնորհակալագրեր տրվեցին ֆրանսահայ ռեժիսոր Լևոն Մինասյանին և պրոդյուսեր Պեգի Դեպլային:

Միջոցառմանը հայտարարվեցին մրցանակների արժանացած ֆիլմերի անունները:

Գրան Պրիի արժանացավ «Միևնույն մակարդակին» գերմանական ֆիլմը:

«Հանդիսատեսի համակրանք»-ը շահեց գերմանական «Կորած եղբայրը» կինոնկարը:

Մանկապատանեկան ժյուրիի «Լավագույն մանկապատանեկան ֆիլմ» մրցանակը տրվեց «Սուփթաունի գաղտնի միությունը» էստենական-ֆինլանդիական համատեղ արտադրության ֆիլմին:

Նույն ժյուրին «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» մրցանակը հանձնեց «Ապրիլը և զարմանահրաշ աշխարհը» ֆրանսիական կինոժապավենին:

«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» համարվեց հայկական «Ամանորը» կինոնկարը:

«Լավագույն ֆիլմ» մրցանակ «Ես իրավումքմեր ունեմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Միևնույն մակարդակին» գերմանական ֆիլմը:

Պատանեկան ժյուրիի «Լավագույն ֆիլմ» մրցանակ «Պատիվ ունեմ» անվանակարգում շահեց «Կինը» հայկական ֆիլմը:

«Հայկական հեքիաթի հաջողված էկրանավորման համար» հատուկ մրցանակ տրվեց «Անբան հուռին» ֆիլմին:

Միջոցառումն իրենց պարային և երաժշտական կատարումներով զարդարեցին «Արևիկ» երգի մանկապատանեկան անսամբլը և «Նանեներ» պարային համույթը:

Արվեստի միջոցով Հայաստան-Թուրքիա հարբերությունները բարելավելու նպատակով փառատոնի շրջանակում Հայաստաում էին թուրք երիտասարդներ: Հայ և թուրք երիտասարդներից բաղկացած երկու խմբերը կինոնկարի սցենար էին գրել և փակման արարողությանը հաղթեց «World in the pocket» ֆիլմի սցենարը, իսկ մասնակիցները պատվոգրերի արժանացան:

Այս տարի փառտոնին հյուրընկալվել են բազմաթիվ հայտնի և անվանի հյուրեր: Տեղի են ունեցել ֆիլմերի պրեմիերաներ, անցկացվել վարպետության դասեր, ստեղծագործական երեկոներ, սեղան-քննարկումներ, մամուլի ասուլիսներ, ցուցահանդեսներ, համերգներ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մի շարք մարզերում:

Փառատոնի շրջանակում 40 օրվա ընթացքում ցուցադրությունները կշարունակվեն նաև ՀՀ մարզերում` Լոռվա, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արագածոտնի: Ֆիլմերը կներկայացվեն նաև Արցախում:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

http://www.haymedia.am/?p=8464&l=am/avartvec+rolan+mankapatenakan+filmeri+12-rd+paratony