ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի "Ռոլան Բիկով" հիմնադրամը նոյեմբերի 8-12-ը կանցկացնի մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը, որը միաժամանակ կմեկնարկի Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում: Փառատոնն այսուհետ կկրի "Ռոլան" մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն անվանումը: Փառատոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ին, "Մոսկվա" կինոթատրոնում: Փառատոնի երևանյան փուլը կտևի 5 օր, արդյունքները կամփոփվեն փակման արարողության ընթացքում՝ նոյեմբերի 12-ին, ժամը 18:00-ին, "Մոսկվա" կինոթատրոնում: Մարզային փուլը կշարունակվի մինչև 2014 թ. դեկտեմբերի 20-ը` Վանաձորում, Դիլիջանում, Արարատում և Եղեգնաձորում. մարզաբնակ երեխաների և երիտասարդների համար կցուցադրվեն լավագույն փառատոնային ֆիլմերը և մուլտֆիլմերը: «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի ծրագրում ընդգրկվել է 145 ֆիլմ՝ 38 երկրից: Հոբելյանական 10-րդ փառատոնի կապակցությամբ` փոփոխության է ենթարկվել ժյուրիի ձևաչափը. այս տարի տարբեր անվանակարգերում կաշխատեն միայն երեխաներ և երիտասարդներ, մասնավորապես՝ "Խաղարկային ֆիլմեր" անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Շնող և Թեղուտ համայնքների երեխաները, "Հանդիսատեսի համակրանք" անվանակարգում` Գավառի մանկատան սաները, "Անիմացիոն ֆիլմեր" անվանակարգում` "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, "Ես իրվունքներ ունեմ" անվանակարգում` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողները և "Պատիվ ունեմ" ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում` Գորիսի, Սիսիանի, Իջևանի, Նուբարաշենի և Վարդենիսի գնդերի զինվորները: Փառատոնը կշարունակի համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ, ինչի արդյունքում 9-րդ փառատոնի շրջանակներում ստեղծված "Պատիվ ունեմ"ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգը համալրել է փառատոնի ավանդական մրցութային անվանակարգերի շարքը: Այն նպատակ ունի կինոյի միջոցով նպաստել զինվորների գաղափարական դաստիարակությանը, բանակի մարտական ոգու բարձրացմանը: Լավագույն հայրենասիրական ֆիլմերը կցուցադրվեն Գորիսի, Սիսիանի, Իջևանի, Նուբարաշենի և Վարդենիսի գնդերի զինվորների համար: "Ռոլան" մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նախատեսվում են փառատոնի բացման և փակման արարողություններ, մամուլի ասուլիսներ, կինոդիտումներ, պրեմիերաներ, հանդիպումներ բուհերում, հանրակրթական ու արվեստի դպրոցներում: |
Written by Zara
|