VERTEX

News

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնն ուղղված է երեխաների ճիշտ դաստիարակությանը»
Written by Zara

Նոյեմբերի 8-12-ը Հայաստանում կանցկացնի մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը, որը միաժամանակ կմեկնարկի Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում: Փառատոնն, այսուհետ, կկրի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն անվանումը: «Առանձնահատուկ միջոցառում է, քանի որ կապված է երեխաների հետ, մանկապատանեկան կինոարվեստին է նվիրված»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Ըստ նրա, փառատոնը կրթաուսումնական նպատակ ունի, փառատոնային օրերին ձևավորում են տարբեր բովանդակության ու ձևերի հարթակներ: Փոխնախարարի խոսքով, փառատոնի ուղղորդող գաղափարախոսությունն է՝ երեխաների ճիշտ դաստիարակություն: Փառատոնի նախագահ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանն ասաց, որ արդեն մտածում են, թե ինչ նոր ծրագրեր պետք է իրականացնեն հաջորդ տասը տարիների ընթացքում:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի ծրագրում ընդգրկվել է 145 ֆիլմ՝ 38 երկրից: Ամենաշատ հայտերը, Ն. մանուկյանի խոսքով, ներկայացվել են Գերմանիայից և Նիդեռլանդներից: Հայաստանից ներկայացված է 10 ֆիլմ: «Սա շատ լավ ցուցանիշ է: Նախորդ փառատոնների ընթացքում 2-3 ֆիլմ է ներկայացված եղել: Սա վկայում է, որ կինոինդուստրիան մեր երկրում զարգանում է»,- ասաց փառատոնի նախագահը: Նա նաև նշեց, որ փառատոնը կբացվի Վիլյամ Սարոյանի պատմվածքների հիման վրա նկարահանված «Կիսալուսնի ծովածոցը» չորս մասերից բաղկացած լիամետրաժ ֆիլմով (ռեժիսոր Մարինա Զաքարյան, պրոդյուսեր Հովհաննես Գալստյան): Հոբելյանական 10-րդ փառատոնի կապակցությամբ` փոփոխության է ենթարկվել ժյուրիի ձևաչափը. այս տարի տարբեր անվանակարգերում կաշխատեն միայն երեխաներ և երիտասարդներ, մասնավորապես՝ «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Շնող և Թեղուտ համայնքների երեխաները, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողները և «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում` Գորիսի, Սիսիանի, Իջևանի, Նուբարաշենի և Վարդենիսի գնդերի զինվորները: Փառատոնը կշարունակի համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ, ինչի արդյունքում 9-րդ փառատոնի շրջանակներում ստեղծված «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգը համալրել է փառատոնի ավանդական մրցութային անվանակարգերի շարքը: Այն նպատակ ունի կինոյի միջոցով նպաստել զինվորների գաղափարական դաստիարակությանը, բանակի մարտական ոգու բարձրացմանը: Լավագույն հայրենասիրական ֆիլմերը կցուցադրվեն Գորիսի, Սիսիանի, Իջևանի, Նուբարաշենի և Վարդենիսի գնդերի զինվորների համար: Փառատոնային 5 օրերի ընթացքում Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում ցուցադրվելու են լավագույն փառատոնային ֆիլմեր ու մուլտֆիլմեր երեխաների և երիտասարդների համար: Այնուհետև՝ 40 օրվա ընթացքում ցուցադրությունները կշարունակվեն Վանաձորում, Դիլիջանում, Արարատում, Եղեգնաձորում: Ցուցադրությունների մուտքն անվճար է:

http://www.panorama.am/am/culture/2014/11/06/poghosyan-manukyan/