VERTEX

News

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

2012թ. հոկտեմբերի 20-24-ը Երևանում և 30 օր ՀՀ մարզերում տեղի ունեցավ Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова , Armenian Rolan Bykov Foundation) ` ՀՀ նախագահի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Փառատոնի ծրագրում ընդգրկվել է 105 ֆիլմ 27 երկրներից:

Ընդլայնվեց մանկապատանեկան ժյուրիի կազմը: Այս տարի հայ երեխաներից բացի ընդգրկվեցին նաև պատանիներ Չինաստանից, Ուկրաինայից, Բելոռուսից, Ռուսաստանից և Վրաստանից: Մանկապատանեկան ժյուրիի կազմում այս տարի աշխատեցին նաև Սիրիայից ժամանած հայ երեխաներ:

Փառատոնի շրջանակներում իրականացվեցին հետևյալ ծրագրերը`

1. «Դու մենակ չես... Միասին կհաղթենք...» 

Ծրագրի առաջին քայլերն արվել են 2010թ. 6-րդ փառատոնի շրջանակներում, երբ ծնունդ առավ փառատոնի համագործակցությունը Մոսկվայի մանկական հեմատոլոգիայի, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտական կենտրոնի հետ: Այս տարի այն իրականացվեց 3-րդ անգամ: Երևան ժամանեցին Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Կարաչունսկին և Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Մասչանը, որոնք անցկացրեցին բժշկական խորհրդատվություններ պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում:

2. «ԵՍ ՁԵԶԱՆԻՑ ՄԵԿՆ ԵՄ»

Այս տարի ևս հիմնադրամը շարունակեց համագործակցությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ: «Ես իրավունքներ ունեմ» նախագծի շրջանակներում իրագործվեց «Ես ձեզանից մեկն եմ» ծրագիրը, որը մեկ անգամ ևս բարձրաձայնեց սահմանափակ կարողություններով երեխաների իրավունքների մասին, այն երեխաների,  որոնք հասարակությունից մեկուսացած են ապրում, որոնք շատ դեպքերում զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից: Կազմակերպվեց նաև նույն խորագիրը կրող նկարչական աշխատանքների ցուցահանդես:

3.ԿԻՆՈՍԱՐԴ: ՄԱՆՈՒ ՊԻԼՈՏ 2012

ԿԻՆՈՍԱՐԴ կինոֆորումները 2 հայ պրոդյուսերի` Արմինե Անդայի և Հասմիկ Հովհաննիսյանի նախաձեռնությունն է`ԿԻՆՈՍԱՐԴ: Մանու Պիլոտ 2012, որն անցկացվեց Հայասատանի Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի շրջանակներում:  Կազմակերպվեց քննարկում Շվեդիայի մանկական ֆիլմերի ֆորումի և “Kids Cluster” ծրագրի նախագահ, Աննետ Բրեյների հետնաև հայ և տարբեր երկրներից ժամանած երեխաների ստեղծագործական համագործակցության մրցույթ:

Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցան փառատոնի բացման և փակման արարողություններ, մամուլի ասուլիսներ, կինոդիտումներ, պրեմիերաներ, ստեղծագործական հանդիպումներ, վարպետության դասեր, հանդիպումներ բուհերում, հանրակրթական ու արվեստի դպրոցներում, work shop-եր, կլոր սեղան քննարկումներ, ցուցահանդեսներ, ինչպես նաև մի շարք մշակութային, կրթական ու սոցիալական ծրագրեր: