VERTEX

News

«Ես համադրում եմ ադմինիստրատիվ և ստեղծագործական աշխատանքը»

Նոյեմբերի 7-11-ը Երևանում և 8-10-ը Գյումրիում տեղի է ունենալու Մանկապատանեկան և անիմացիոն ֆիլմերի առաջին միջազգային փառատոնը Հայաստանում: Այն կազմակերպվել է հիմնականում «Երջանիկ սերունդ» հայաստանյան բարեգործական հիմնադրամի կողմից, որը Ռոլան Բիկովի հիմնադրամի ներկայացուցչությունն է Հայաստանում: Փառատոնի կազմակերպման գործում իրենց մասնակցությունն են ունեցել նաև Ռոլան Բիկովի հիմնադրամը, «Մոսկվա» կինոթատրոնը, «Շիրակ» միջազգային կազմակերպությունը: Փառատոնի օրերին կցուցադրվեն Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իրանում արտադրված անիմացիոն և խաղարկային ֆիլմեր, որոնք նկարահանվել են վերջին 10 տարիներին: Փառատոնը կրում է բարեգործական բնույթ: Այդ առթիվ Մոսկվայից Երևան է ժամանել բավական ներկայացուցչական մի խումբ, այդ թվում` Կարեն Շահնազարովը («Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր, ՌԴ Ժողովրդական արտիստ), Բորիս Գրաչևսկին («Երալաշ» մանկապատանեկան կինոհանդեսի գլխավոր տնօրեն), Գարի Բարդինը (անիմացիոն ստուդիայի գեղարվեստական ղեկավար և տնօրեն) և ուրիշներ: Փառատոնի բացման օրը` նոյեմբերի 7-ին, «Մոսկվա» կինոթատրոնի փոքր դահլիճում մամուլի ասուլիս էր հրավիրվել: Պետք է առանձին նշել, որ Կարեն Շահնազարովը բերել է իր վերջին ֆիլմը, որը կոչվում է «Թույներ կամ թունավորումների համաշխարհային պատմություն»:
– Ձեր կարգի գործիչները մի տեղ մեկնելիս երբեք մի նպատակ չէ, որ հետապնդում են: Բացի ֆիլմի շնորհանդեսից ի՞նչ նպատակ ունի ձեր այս այցելությունը, – հարցնում եմ Կարեն Շահնազարովին:

Նա իր ելույթում արդեն ասել էր, որ վերջին անգամ Հայաստանում եղել էր  1986թ., երբ ներկայացրել էր այստեղ «Ձմռան երեկոն Գագրայում» կինոնկարը: Պատասխանելով այս հարցին` նա փոքր-ինչ հեգնական ոճով ասաց.
– Եկեք համաձայնենք, որ ես, այնուամենայնիվ, ինչ-որ առնչություն ունեմ հայերի հետ: Հայրս սերում է շատ հին ղարաբաղյան տոհմից, տատիկիս մայրը հանրահայտ Բեկ-Փիրումովի հարազատ քույրն է: Այնպես, որ երևի ես որոշ անձնական պատճառներ ունեմ Հայաստան այցելելու համար: Ես այս անգամ Հայաստան եմ եկել որդուս հետ: 15 տարի անց ես ցանկություն ունեցա Հայաստան գալու:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ վիճակում է այսօր «Մոսֆիլմը», քանի ֆիլմ է նկարում տարեկան, դրանցից քանիսն են նկարվում պետական միջոցներով, քանիսը` հովանավորների, «Մոսֆիլմի» գլխավոր տնօրենը պատասխանեց.

«Մոսֆիլմի» գործերը, կարելի է ասել, բավական լավ են, նույնիսկ կարելի է ասել` շատ լավ են: «Մոսֆիլմն» այս օրերին աշխատում է 90 ֆիլմերի վրա, դրանց մեջ չեն մտնում գովազդների, հոլովակների, ահռելի քանակությամբ հարակից արտադրության նկարահանումները: Դրանց մեջ 60%-ը կազմում են հեռուստասերիալները, բայց հեռուստասերիալները նույնպես կինոարտադրանք են: Ես բավական զգույշ ասեմ, որ չգիտեմ` ինչ կլինի եկող տարի, սակայն այսօր «Մոսֆիլմն» այնքան է ծանրաբեռնված, որ ստիպված ենք աշխատել նաև գիշերները: Ֆինանսավորումը մասամբ կատարվում է նաև պետականորեն, մեծ է մասնավոր ներդրումների տոկոսը, ֆինանսավորում են հեռուստաալիքները: Պետական բյուջեից «Մոսֆիլմն» արդեն 10 տարի է` ոչ մի կոպեկ չի ստանում, այլ գոյատևում և զարգանում է այն միջոցներով, որոնք ինքն է վաստակում: Այսօր կինո նկարելը հետևյալ սխեման ունի: Օրինակ, կինոռեժիսորը պետկինոյից ֆինանսավորվում է ֆիլմ նկարելու համար, դրանից հետո նա այդտեղ կարող է ներգրավել նաև մասնավոր կապիտալ, դրանից հետո այդ ռեժիսորն ազատ է կինոստուդիան ընտրելու գործում: Նա կարող է իր ֆիլմը նկարել Գորկու անվան ստուդիայում, «Լենֆիլմում» կամ այլուր: Կինոնկարահանման ծրագրեր կան, որոնք «Մոսֆիլմն» ինքն է ֆինանսավորում»:

Մամուլի ասուլիսից հետո տեղի ունեցավ փառատոնի բացման արարողությունը, որից հետո ցուցադրվեցին «Երալաշ» ֆիլմաշարի «Հրաժեշտ զենքին» փոքրիկ պատումը և «Ադաջիո» անիմացիոն կինոնկարը: «Ադաջիոն» հատկապես բուռն ընդունվեց երևանյան հանդիսատեսի կողմից երևի նաև այն պատճառով, որ դրա գլխավոր թեման «գնա մեռի, արի սիրեմ» մոտիվն էր, որտեղ պատրաստ են կեղտոտել, սպանել, իսկ ոչնչացնելուց հետո սրբացնել իրենց զոհին:

Մեզ հաջողվեց առանձին հանդիպել և զրույց ունենալ Կարեն Շահնազարովի հետ:
– Ի՞նչ որակներ պիտի ունենա մարդ, որպեսզի դառնա «Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն:
– Ես նույնիսկ չգիտեմ, թե դա ինչպես եղավ: Ինձ նախ 1988թ. ընտրեցին, հիմա արդեն նաև նշանակեցին: Երբ նախկին տնօրենը հեռանում էր, ինձ ընտրեց կինովարչությունը, իսկ հիմա ես արդեն նշանակվել եմ վարչապետի որոշմամբ: Դառնալ «Մոսֆիլմի» տնօրեն, ինքս ինձ համար ես շատ դժվարությամբ որոշում կայացրի, չնայած նաև չհրաժարվեցի: Ես պարզապես բավականաչափ մտածեցի: Այսօր այդ որոշմանս համար չեմ փոշմանել:
– Ասուլիսին Դուք ասացիք, որ «Մոսֆիլմը» 90 ֆիլմեր է նկարահանում այսօր: Ողջ Ռուսաստանում նկարահանվող կինոնկարների ո՞ր տոկոսն է ընկնում «Մոսֆիլմի» վրա:

– «Մոսֆիլմն» այսօր թողարկում է ռուսաստանյան ողջ կինոտեսաարտադրության մոտ 70%-ը:
– Խզվածքը բավականին մեծ է ստացվում: Ամբողջ Ռուսաստանն արտադրում է ֆիլմերի 30%-ը, իսկ միայն «Մոսֆիլմը»` 70%-ը: Ի՞նչն է պատճառը:
– Բանն այն է, որ վերջին 3 տարիների ընթացքում մեզ հաջողվեց էական փոփոխություններ կատարել «Մոսֆիլմում»: Մասնավորապես մենք տեխնիկապես վերազինեցինք ստուդիան: «Մոսֆիլմ» ստուդիան իր բոլոր չափանիշներով այսօր դարձել է եվրոպական ժամանակակից կինոստուդիա: Նախկին ԽՍՀՄ տարածքի կինոստուդիաներում «Դոլբի», «Սերաունդ» ձայնագրությունները կատարվում են միայն «Մոսֆիլմում»: Իսկ առանց նման ձայների ոչ մի կինոթատրոն ֆիլմ չի վերցնի: Ես մի օրինակ բերեցի: Բազմաթիվ նմանատիպ հանգամանքներից ելնելով է, որ վերջին 3 տարիներին աստիճանաբար բոլորը ձգտում են դեպի «Մոսֆիլմ» կինոստուդիա: Հատկապես նրանք, ովքեր ուզում են տեխնիկապես բարձրորակ ֆիլմեր նկարել:
– Ստեղծագործական կոլեկտիվի անդամների կորուստ ունեցա՞ք անցումային այս շրջանում:
– Ես ինքս աշխատել եմ արտասահմանում, բայց երբեք մտքովս չի անցել տեղափոխվել այնտեղ: Ընդհանրապես այդ երևույթը մեզանում չկա: Ինչ-որ մարդիկ գնացին, բայց ընդհանուր այդպիսի միտում ես չեմ տեսնում:

– Ի՞նչ միջազգային հաջողությունների են հասել «Մոսֆիլմի» արտադրած կինոնկարները, որոնց թվում նաև Ձեր ֆիլմերն են:
– Իմ նախավերջին «Լիալուսնի օրը» կինոնկարը վեց միջազգային մրցանակ է ստացել, այդ թվում երկու մրցանակ` Կառլովի-Վարիում, ներկայացվել է ավելի քան 40 կինոփառատոններում: Տոդորովսկի կրտսերի ֆիլմը ներկայացված էր Բեռլինի փառատոնին: Ճիշտ է, մրցանակ չստացավ, բայց փաստը, որ մասնակցեց այդ փառատոնին, արդեն շատ բան է ասում այդ կինոնկարի մասին: Բոլորը չես հիշի, շատ կինոնկարներ են մասնակցում տարբեր փառատոնների: Ադմինիստրատիվ աշխատանքն, իհարկե, «սպանում է» ստեղծագործական աշխատանքը, բայց այստեղ աշխատելն ինձ դուր է գալիս: Բացի դրանից, ինձ թվում է ես կարողանում եմ համադրել ստեղծագործական և ադմինիստրատիվ աշխատանքները: Այդ աշխատանքների սկզբունքները նույնն են, մասշտաբներն են տարբեր: Ես երբեք չեմ գնա նախարարություն կամ կինոմիության ղեկավար աշխատելու: Այդպիսի աշխատանքներն իրոք խանգարում են ստեղծագործել:

– Ձեր նշանակումով «Մոսֆիլմը» ձե՞ռք բերեց, թե՞ կորցրեց ինչ-որ բան: Ի՞նչ եք կարծում:
– Ես կդժվարանամ պատասխանել այդ հարցին: հաշվի առնելով, որ երեք տարի առաջ «Մոսֆիլմը» դատարկ միջանցքների ստուդիա էր, և այսօրվա վիճակը, երբ մենք հասել ենք 90 կինոնկարի սահմանին, կարծում եմ, ինձանից գոհ պիտի լինեն:

Կարեն Շահնազարովի կողքին մեր զրույցի ընթացքում կանգնած էր նրա որդին` Վանյան: Հետաքրքրվեցի, թե նրա անունը Իվա՞ն է, թե՞ Հովհաննես, պարզվեց` Իվան: Հարցրի, թե ինչ է տեսել Երևանում: Պարզվեց` ոչինչ, բացի կինոթատրոնից ու կինոցուցադրումներից: Առաջարկեցի, որ հորից պահանջի` իրեն տանի Էջմիածին, Գառնի, Գեղարդ և Սևան: Կարեն Շահնազարովը խոստացավ:
– Բանն այն է, որ որդիս, – ասաց Կարեն Շահնազարովը, - քառորդով է միայն հայ: Ես կիսով չափ հայ եմ, որովհետև մայրս ռուս է, ռուս է նաև կինս:
– Հայերիս մոտ ընդունված է մարդուն համարել այն ազգից, որ ազգից հայրն է: Այսինքն` Ձեր հայրը հայ է, Դուք հայ եք, ուրեմն Ձեր որդին էլ է հայ:
– Գուցե, բայց արյունով թերևս այդ չէ: Նրա պապն է միայն հայ:

Իրավունք 9.11.2001.