Ռոլան Բիկովի անվան մանկապատանեկան կինոյի և հեռուստատեսության զարգացման ֆոնդը (Հայաստան) և Ռոլան Բիկովի անվան մանկապատանեկան կինոյի և հեռուստատեսության զարգացման միջազգային ֆոնդը (Ռուսաստան, ֆոնդի նախագահ` Արեմն Մեդվեդև) Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Բելլա Քոչարյայի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարարության աջակցությամբ, 2006 թվականի նոյեմբերի 3-ից 7-ը կազմակերպել են Հայաստանի մանկապատանեկան ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը: Փոքրերի մասին մեծերի նկարահանած ֆիլմերը Հայաստան են եկել 18 երկրներից` իրենց հետ բերելով այնպիսի հյուրեր, ինչպիսիք են` Տիգրան Քեոսայանը, Գարրի Բարդինը, Նոդար Բեգիաշվիլին, Առնո Վիներոնը, Յան Պյոտր Զալևսկին: Մրցույթին 21 ֆիլմ է մասնակցում, ընդհանուր ցուցադրմանը` 44 ֆիլմ: Հայկական ֆիլմեր, ցավոք, չեն մասնակցում: Մրցութային ծրագրում խաղարկային լիամետրաժ, անիմացիոն և կարճամետրաժ անվանակարգերն են: Մրցույթին մասնակից բոլոր ֆիլմերը ստեղծվել են 2005-2006 թվականներին: Ֆիլմերը վարձույթում երբևէ չեն եղել և ծանոթ չեն հասարակությանը: Փառատոնի կազմակերպիչները նախատեսել են ստեղծագործական հանդիպումներ անիմացիոն ֆիլմերի վարպետներ Գարրի Բարդինի (Ռուսաստան) և Թադեուշ Վիլկոշի (Լեհաստան) հետ, ինչպես նաև հայ լսարանին քաջածանոթ «Երալաշ»-ի հատուկ ցուցադրում: Փառատոնի աշխատանքային գործընթացում մեծերի մրցատյանին զուգահեռ կգործի նաև մանկական մրցատյանը, որի անդամները Հայաստանը ներկայացրել են երեխաների և պատանիների համար ամենատարբեր միջազգային կինոփառատոներում: Երեխաների որոշումը մեծապես տարբերվում է. մանկական ժյուրին կսահմանի իր մրցանակը:
|
Մանկական կինոտոն Կինոյի վարպետները` երեխաներին
|