VERTEX

News

Մանուկների համար` վաղվա մտահոգությամբ

Նոյեմբերի 3-7-ը հանրապետության առաջին տիկին Բելա Քոչարյանի հովանավորությամբ Երևանում անց էր կացվում Մանկապատանեկան ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը: Փառատոնի կազմակերպիչը մանկապատանեկան կինոյի և հեռուստատեսության «Ռոլան Բիկով» միջազգային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն էր և Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Նոյեմբերի 7-ին «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպվել էր փառատոնի կազմակերպիչների և ժյուրիի եզրափակիչ ասուլիսը, որից հետո միայն պիտի որոշվեին մրցույթի հաղթողներն ու դափնեկիրները: Մեր կարծիքով, ճիշտ կլիներ փառատոնն ավարտել միջոցառումների հակառակ հերթականությամբ` նախ որոշել հաղթողներին և հետո ասուլիս անցկացնել: Այդ դեպքում ավելի հեշտ կլիներ պատասխանել լրագրողների բազմաթիվ հարցերին: Սա, այնուհանդերձ, չի կարող դույզն-ինչ ստվերել այն հսկայական նշանակությանը, որ ունի մանուկների և պատանիների համար այդպիսի ընդգրկուն ամեն մի միջոցառում, էլ չասած` միջազգային հեղինակավոր փառատոնը: Միայն ժյուրիի անդամացանկը պատկառանք է ներշնչում. Արմեն Մեդվեդև (փառատոնի պատվավոր նախագահ, Ռուսաստան), Աթինա Ռիկակի (ժյուրիի նախագահ, Հունաստան), Յան Պյոտր Զալևսկի (Ֆրանսիա), Առնո Վինյերոն (Ֆրանսիա), Նոդար Բեգիաշվիլի (Վրաստան): Հայաստանը ժյուրիի կազմում ներկայացրել էր Արա Երնջակյանին, Գայանե Մարտիրոսյանին և Ռաֆայել Քոթանջյանին:

Սակայն մանկական ֆիլմերի փառատոնը այլ փառատոներից տարբերվում է մի առանձնահատկությամբ` այն գնահատում է նաև 15 հոգանոց մանկական ժյուրին: Հետաքրքիր է, որ հայ երեխաներից բաղկացած ժյուրին ֆիլմ գնահատելու փորձ ունի, որովհետև նրանց մի մասը եղել է նաև Ջիֆոնիի և Հոլիվուդի մանկական կինոփառատոների ժյուրիի կազմում:

Փառատոնին որպես պատվավոր հյուր իրենց մասնակցությունն են բերել Կլաուդիո Գուբիտոսին (Իտալիա), Գարրի Բարդինը (Ռուսաստան), Թադեուշ Վիլկոշը (Լեհաստան), Տիգրան Քեոսայանը (Ռուսաստան): Փառատոնի ընթացքում Արմեն Մեդվեդևը, Գարրի Բարդինը և Տիգրան Քեոսայանը վարպետության դասեր են անցկացրել Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողների հետ, ինչը մամլո ասուլիսի ընթացքում կինոյի վարպետները գնահատեցին որպես խիստ հետաքրքիր ու փոխհարստացնող: Փառատոնի մասնակիցներն այցելել են նաև «Արաբկիր» մանկապատանեկան բժշկական կենտրոն, շփվել այնտեղ բուժում ստացող երեխաների հետ և հիվանդանոցին նվիրել Ռուսաստանի Դաշնության անիմատոր Գարրի Բարդինի 16 անիմացիոն ֆիլմերը:

Իսկ այժմ` բուն փառատոնի մասին: Ներկայացված էին 18 երկրների 44 ֆիլմեր, որոնցից 22-ը մրցութային էին: Ֆիլմերը բաժանված են ըստ ժանրերի` խաղարկային, վավերագրական և անիմացիոն: Մեր կարծիքով, պիտի բածանում լիներ ևս երեք կարգերի` ըստ բովանդակության և ըստ հեղինակողի, որովհետև կային ֆիլմեր, որոնք երեխաների մասին էին, որոնք երեխաների համար էին, և ֆիլմեր, որոնք ուղղակի նկարահանել էին երեխաները:

Ժյուրիի անդամներն ու հյուրերը, մեր այս դիտարկման հետ մասամբ համաձայնելով, այնուհանդերձ, վստահ են, որ եթե որևէ ֆիլմ մանուկներին դուր է գալիս, չի կարող դուր չգալ նաև մեծերին:

Սիրում ենք հարկին ու անհարկի կրկնել, թե երեխաներն են մեր ապագան: Այս դեպքում ծեծված արտահայտությունը խիստ տեղին է, քանզի խոսքը վերաբերում է մեր կինոյի ապագային, որը, չնայած արվեստագետների որոշ խմբերի նվիրումին ու անդուլ ջանքերին, շարունակում է մնալ խիստ մշուշոտ:

Ասենք, որ փառատոնի ընթացքում եղավ նաև անցած տասնամյակների «Հայֆիլմում» նկարահանված մանկապատանեկան ֆիլմերի հետահայաց /ռետրոսպեկտիվ/ ցոցադրություն: Բազմաթիվ ֆիլմեր, որոնց մեծ մասի վերնագրերն այսօրվա մանուկներին, անգամ երիտասարդներին ոչինչ չեն հուշում, անծանոթ են: Սա նշանակում է, որ վեջին տասնամյակի ընթացքում մանկական կինոն մեզանում ուղղակի մոռացության է մատնված եղել: Փառատոնը փորձ է անում նաև լրացնել այս բացը: Կինո լինի, թե թատրոն, գրականություն, թե արվեստի մեկ այլ բնագավառ` մանուկների համար ստեղծվող գործերի նկատմամբ պիտի տասնապատիկ հոգատար և նախանձախնդիր լինենք, որովհետև դրանից է կախված ոչ միայն հիշյալ արվեստի վաղվա օրը, այլև ապագա սերնդի հոգեմտավոր վիճակը: Երկու իմաստով էլ անհնար է թերագնահատել այս փառատոնի դերը, մանավանդ, որ կազմակերպիչները խոստանում են անել ամեն ինչ` այն ոչ միայն ավանդական դարձնելու, այլև միջազգային հեղինակություն ապահովելու համար:

Հովհաննես Երանյան Երկիր 10 նոյեմբեր, 2006