Երևանում վերջերս կինոփառատոնի կազմակերպիչներն ափսոսում են, որ հայկական մանկական ֆիլմեր գրեթե չունենք: Առաջին մարզը, որտեղ ներկայացվեցին փառատոնի ֆիլմերը, Գեղարքունիքն էր: Հիմնադրամի աշխատակիցները, ինչպես նաև փառատոնի ոչ պրոֆեսիոնալ, մանկական ժյուրիի անդամներ Լիլի Մարտիրոսյանն ու Ռաֆայել Փարսադանյանը օրերս այցելեցին Գավառի մանկատան սաներին և նրանց հետ միասին դիտեցին փառատոնի մրցանակային տեղեր գրաված ֆիլմերը: Փոքրիկները ներկայացրին փառատոնի ողջ ընթացքը, քանի որ մանկական ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնին, որպես ժյուրիի անդամներ, կմասնակցեն նաև Գավառի մանկատան երեխաները: Ֆիլմերի հետ մեկտեղ, «Դարոինկ» ֆիրմայի աջակցությամբ, հիմնադրամի աշխատակիցները նաև քաղցրավենիք էին տարել մանկատուն: Մանկատան տնօրեն Նիկոլայ Նիկոյանն ասաց, որ իրենց մոտ ապրում են 3-18 տարեկան 90-ից ավելի երեխա ՀՀ բոլոր շրջաններից: Ն. Մանուկյանը նշեց, որ առաջիկայում ֆիլմերը կներկայացվեն նաև Շիրակի կարիքավոր ընտանիքների, մանկատան և հաշմանդամ երեխաների ուշադրությանը, այնուհետև` Արցախի փոքրիկներին: «Ռոլան Բիկով» հիմնադրամի փոխնախագահ Գայանե Զալինյանը նկատեց. «Մեր երեխաները նորմալ ֆիլմեր դիտելու սով ունեն: Շատ լավ կլիներ, որ գոնե մի կինոթատրոն տրամադրվեր երեխաներին, իհարկե, չեմ հերքում, որ երևանյան գործող կինոթատրոնները մանկական ֆիլմեր ցուցադրում են, բայց դրանք հիմնականում առավոտյան ժամերին են լինում, երբ երեխաները դպրոցում կամ մանկապարտեզում են»: Նա ավելացրեց, որ մեր հեռուստաալիքներն էլ երբեմն մոռանում են երեխաներին: Ի դեպ, Երևանում կազմակերպված այս փառատոնին մրցութային կարգով ոչ մի հայկական ֆիլմ չի ցուցադրվել: Նունե Մանուկյանի օգնական Նելլի Ալելովան նշեց, որ հայկական մանկական ֆիլմեր գրեթե չկան, կա միայն մի քանի ֆիլմ` պարզապես երեխաների մասնակցությամբ. «Մեր փառատոնին կարող էին մասնակցել միայն 2005-2006թթ. ֆիլմերը, իսկ այդ ընթացքում հայկական մանկական ֆիլմեր չեն նկարահանվել: Օրինակ, «Գիքորը» ներկայացվում է իբրև մանկական ֆիլմ: Իրականում այն մեծերի համար է, ընդամենը Գիքորի դերակատարն է երեխա»:
|
«Լավ ֆիլմի սով կա»
|