VERTEX

News

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի հիմնական նպատակն է աշխուժացնել հայկական կինոմատոգրաֆիան, քանի որ վերջին տարիների ընթացքում քիչ են նկարահանվում ֆիլմեր, իսկ նկարահանվածներն էլ երեխաների համար չեն,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռոլան Բիկով հիմնադրամի արտ-տնօրեն Նելլի Ալյոլովան: Նրա խոսքով, փառատոնը մեծապես նպաստում է կինոարվեստի, կինոարտադրության զարգացմանը: Տարբեր պատճառներով վերջին 15-20 տարիների ընթացքում Հայաստանում բացակայում է կինորվեստը,-ասաց նա: Նշենք, որ հոկտեմբերի 25-ին կմեկնարկի Մանկապատանեկան ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը, որի կազմակերպիչն է Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար Ռոլան Բիկով հիմնադրամը` Հայաստանի մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այս տարի փառատոնի շրջանակներն ընդլայնվել են` ավելացել են մասնակից երկրների թիվը, ներկայացվող ֆիլմերի քանակը: Փառատոնի ընթացքում աշխարհի 19 երկրներից (Ճապոնիա, Իտալիա, Ռուսաստան, Անգլիա, Եգիպտոս և այլք) ցուցադրվելու են 33 համայնապատկերային ֆիլմեր: Մրցութային ցուցադրությանը ներկայացվելու են 14 ֆիլմեր` երկու անվանակարգերում` խաղարկային լիամետրաժ ֆիլմ և անիմացիոն ֆիլմ: Նշենք, որ Հայաստանից միայն 2 ֆիլմ է ներկայացվելու: Մինչև հոկտեմբերի 31-ը շարունակվող փառատոնին ներկա են լինելու հայտնի արտասահմանյան կինոգործիչներ, ովքեր այսօր կինոարվեստի ասպարեզում մեծ դեր են կատարում:

Ժյուրիի կազմում են Ֆրանսիայից, Հնդկաստանից, Արգենտինայից ժամանած ներկայացուցիչներ, իսկ Հայաստանից` Հրանտ Թոխատյանը, Գայանե Մարտիրոսյանը, Միքայել Դովլաթյանը, Հակոբ Կիրակոսյանը: Երկրորդ տարին է, ինչ մենք ունենք նաև մանկական ժյուրիի անդամներ Երևանից, Ղարաբաղից, մարզերից,- ասաց Ն. Ալյոլովան: Նշենք, որ փառատոնի շրջանակներում կազմակերպվելու է քննարկում, որի թեման է լինելու «Ի±նչ են ընթերցում և դիտում մեր երեխաները»:

http://www.armtown.com/news/am/prm/20071022/26538/