VERTEX

News

Մանկապատանեկան ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 16-20-ը Երևանում

Մանկապատանեկան ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 16-20-ը Երևանում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին փառատոնի կազմակոմիտեից։
«Փառատոնի նպատակն է՝ պատանի հանդիսատեսին ներկայացնել պրոֆեսիոնալ բարձրակարգ կինոնկարներ, ինչպես նաև հաստատել շփումներ, ապահովել փորձի ու մտքերի փոխանակում հայ և արտերկրի կինեմատոգրաֆիստների միջև», - ասել է գործակալության զրուցակիցը։

Փառատոնի ծրագրի շրջանակներում ներկայացվելու է 48 լիամետրաժ և անիմացիոն ֆիլմ 23 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Գերմանիայից, Սերբիայից, Ճապոնիայից, Էստոնիայից և Լատվիայից։
Մրցութային ծրագրում ներառված է 9 լիամետրաժ խաղարկային և 13 անիմացիոն ֆիլմ։

Փառատոնի ժյուրիի կազմում են Մանկապատանեկան ֆիլմերի լեհ-բրիտանական հիմնադրամի հիմնադիր անդամ, լեհ կինեմատոգրաֆիստների, գրողների և կոմպոզիտորների միության անդամ Անջեյ Յասիևիչը, ռեժիսոր, դերասան և գրող Բենջամին Սթենլի Ֆրանսիսը, ռեժիսոր և սցենարիստ Էդգար Բաղդասարյանը, Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Չերկասսկին, ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։
Բացի հիմնական ժյուրիից, աշխատանքները գնահատելու է նաև հատուկ մանկական ժյուրին։
Փառատոնի շրջանակներում նախատեսված է նաև անցկացնել մի շարք մշակութային միջոցառումներ, ինչպես նաև նշել հայկական մուլտիպլիկացիայի 70-ամյակը և «Մենք ջազից ենք» լեգենդար ֆիլմի 25-ամյակը։

Բացի այդ, միջոցառումների ծրագրում ներառված է նկարիչ-մուլտիպլիկատորների աշխատանքների ցուցահանդեսը, ինչպես նաև Կարեն Շահնազարովի «Կորուսյալ կայսրություն» ֆիլմի հայկական պրեմիերան, որը էկրան է բարձրացել 2008 թ.-ի փետրվարին։
Փառատոնի հյուրերի թվում են «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Արմեն Մեդվեդևը, «Մոսֆիլմի» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, ռեժիսոր Կարեն Շահնազարովը, դաշնակահար Լևոն Օգանեզովը, նկարիչ-մուլտիպլիկատոր Աննա Ատամանովան։

Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչն է «Ռոլան Բիկով» միջազգային հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

12:54 | 09/ 10/ 2008 ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.