VERTEX

News

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԵԿ ՇԱԲԱԹԻՑ

Հոկտեմբերի 16-20-ը Երևանում կանցկացվի մանկապատանեկան ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնը:

Նշենք, որ ամենամյա փառատոնը նախաձեռնել և անցկացնում է Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար «Ռոլան Բիկով» ֆոնդը` Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում նշեց «Ռոլան Բիկով» ֆոնդի արտ-տնօրեն Նելլի Ալելովան, այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկված են 60 ֆիլմեր` աշխարհի 20 երկրներից:

Նելլի Ալելովայի խոսքով, փառատոնի նպատակն է տարբեր տարիքի երեխաներին և երիտասարդներին ներկայացել ֆիլմ-մշակույթ տարրերի համակցումը, ինչպես նաև ցուցադրել նոր ու որակյալ ֆիլմեր:

Մոսկվայի տանը, ինչպես նաև «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում կցուցադրվեն ժյուրիի ընտրած անիմացիոն և խաղարկային ժանրի դեռ միայն փառատոններում ցուցադրված ֆիլմերը: Տոմսերի արժեքը 300 դրամ է, իսկ անապահով ընտանիքների երեխաների և ուսանողների մուտքը կինոդիտումներին լինելու է անվճար:

Նելլի Ալելովան տեղեկացրեց, որ փառատոնը նաև ունենալու է երկրորդ փուլ: Փառատոնի կազմակերպիչները այցելելու են մարզեր, իսկ առաջին այցը կլինի հոկտեմբերի 21-ին, երբ Հայաստան կժամանի հայ անվանի ռեժիսոր, սցենարիստ Կարեն Շահնազարովը, ում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Ստեփանակերտում: Այդտեղ կանցկացվի նաև դաշնակահար Լևոն Օգանեզովի համերգը:

Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի շրջանակներում հյուրերի հետ Հայաստան կժամանի նաև «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Արմեն Մեդվեդևը:

Հայաստան ժամանող կինոաշխարհի հայտնի ռեժիսորները, սցենարիստները հայ պատանիների և կինոյով հետաքրքրվողների համար կանցկացնեն վարպետության դասեր: