VERTEX

News

Հսկայական տարբերություն կա կոմերցիոն և իսկական ֆիլմերի մեջ

Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում բազմաթիվ հեղինակավոր ռեժիսորների հետ Հայաստանում էր մի շարք փառատոնների մրցանակակիր, կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը, որը հանդիսատեսին ներկայացրեց բոլորովին վերջերս նկարահանած «Կորուսյալ կայսրություն» ֆիլմը: Կարեն Շահնազարովի անունը մեր ռեժիսորների հետ մասնավոր զրույցներում հաճախ է հոլովվում. մի մասը հպարտանում է հայազգի ռեժիսորի նվաճումներով, շատերն էլ հայավարի դժգոհում են, որ մեր ռեժիսորներին, մեղմ ասած, «տեղ չի տալիս» ռուսական կինոարվեստում: Կարեն Շահնազարովը չխուսափեց այդ հարցին պատասխանելուց, որին էլ հետևեցին մի շարք այլ հարցեր: -Հայ կինոռեժիսորների հետ Ռուսաստանում համագործակցո՞ւմ եք:
-Հավանաբար գիտեք, որ հայկական կինոն այսօր ճգնաժամ է ապրում, և Ձեզ հետ համագործակցելը բավականաչափ կօգներ:
-Որքան գիտեմ շատ հայ կինոռեժիսորներ բավական հաջողությամբ աշխատում են Ռուսաստանում: Օրինակ` օրեր առաջ մի նախագծով ինձ մոտ Կարեն Գևորգյանն էր եկել: Հայերը նկարահանում են ազգային կինոնկարներ, և հույժ կարևորներին, իհարկե, պետք է ընդառաջել: Եվ, ընդհանրապես, ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է արժեվորվի «ազգային կինո» հասկացությունը: Ժամանակի ընթացքում դա կփոխվի, հիշենք Մակեդոնիայի օրինակը, այդ փոքր երկրում այսօր հաջող ֆիլմեր են նկարահանվում: Հայկական կինոն իր ավանդույթներն է ունեցել, և կարևոր է, որ այսօր վերականգնվի երբեմնի բարի ավանդույթը: Մենք պատրաստ ենք միասին աշխատել, բայց դա պետք է լինի համագործակցություն այլ ոչ` օգնություն:

-Ձեր պատանեկությունն ու երիտասարդությունն անցել են կոմունիստական հզոր համակարգում. այդ համակարգի փլուզումից հետո Ձեզ համար հե՞շտ էր գիտակցել, որ այն այլևս գոյություն չունի:
-Իմ սերնդի մարդկանց համար դա ամբողջությամբ գիտակցելը մի տեսակ անհնար է թվում. մեր հոգու խորքում ինչ-որ տեղ ապրում է սովետական քաղաքացին, ես, այնուամենայնիվ, մնում եմ որպես սովետական մարդ: Ահա թե ինչու «Կորուսյալ կայսրություն» ֆիլմը նկարահանելիս ես անդրադարձա այդ թեմային: Գիտեք` երբ մենք ապրում էինք Սովետական Միությունում, անգամ պատկերացնել չէինք կարող, որ նման հզոր պետությունը 10-15 տարի հետո այլևս գոյություն չի ունենա: Եվ ֆիլմիս մեջ ես դա ոչ թե վատ խոհափիլիսոփայությամբ, այլ դեռահասների կյանքով փորձեցի ներկայացնել, որոնք սիրահարվում են, զվարճանում, դավաճանում… Մի խոսքով ապրում են: Այդ ֆիլմում իմ երիտասարդության տարիներն են ներկայացված, իսկ այդ տարիների մանրամասներին լավ եմ տիրապետում: Եթե որոշ ֆիլմերի համար ինձ խորհրդատուներ էին անհրաժեշտ, այս ֆիլմում ես էի ինձ հորհուրդ տվողը. գիտեմ, թե այդ տարիներին ինչ էին հագնում, ինչ էին անում, կամ մտածում, ինչ երաժշտություն էին լսում… Երբ անցնում են տարիները, հետաքրքիր է վերհիշել, թե ինչ երկրում ենք ապրել տարիներ առաջ:

-Ինչո՞ւ հերթական անգամ Արմեն Ջիգարխանյանը նկարահանվեց Ձեր ֆիլմում:
-Այս դերի համար ավելի լավ դերասան չէի կարող գտնել: Ջիգարխանյանը մեծ դերասան է, սովետական դերասանական դպրոցի վերջին ներկայացուցիչներից մեկը: Ցավոք, այդ փայլուն դպրոցն կամաց-կամաց մեռնում է:
-Հիմա ամբողջ աշխարհում միտում կա նկարահանել ֆիլմեր, որոնք ներկայացվում են փառատոնների, և հետագայում նրանց ոչ ոք չի տեսնում:
-Այո, դա այսօր մեծ խնդիր է ամբողջ աշխարհում: Ցավոք համակարգչային  ֆիլմերն ու սերիալներն են ցուցադրվում, որովհետև կոմերցիոն ապրանքները միշտ էլ պահանջարկ ունեն: Մինչդեռ հսկայական տարբերություն կա կոմերցիոն և իսկական ֆիլմերի միջև:
-Ձեր հաջորդ կինոնկարը կոմերցիո՞ն  ոճում է լինելու:

-Ոչ այնքան. հին ծրագիր ունեի, տարիներ առաջ մի ֆիլմ եմ սկսել, որը նախատեսում եմ առաջիկայում ավարտին հասցնել: Այն ժամանակին մերժվեց, որովհետև առաջարկում էին, որ ավանդական ֆիլմ նկարահանենք, բայց նախատեսում եմ էքսպերիմենտալ ոճում շարունակել այդ ֆիլմի նկարահանման աշխատանքները:

-Ձեր կարծիքով, ին՞չ թեմայով է անհրաժեշտ Հայաստանում ֆիլմ նկարահանել:
-Կարծում եմ` շատ կարևոր է Արցախի մասին ֆիլմ նկարահանելը, և քանի որ արմատներս Արցախից են, դա է ինձ հոգեհարազատ: Կարծում եմ` քանի պատերազմները դեռ շարունակվում են, թեկուզ մեր հարևան երկրներում, և կան մարդկային դժբախտություններ, պետք է անպայման անդրադառնալ այդ թեմային: Ես Արցախյան շարժման թեմային շատ չեմ տիրապետում, բայց այն հետաքրքիր կլինի Հայաստանից դուրս ևս` Ռուսաստանի տարածքում և ընդհանրապես ամբողջ աշխարհում: Բայց, որքան գիտեմ, հայ կինոռեժիսորներին դա այդքան էլ չի հետաքրքրում: Հուսով եմ, որ կգտնվեն այնպիսի ռեժիսորներ, որոնք այդ թեման լավ ուսումնասիրած կլինեն, և եթե նման առաջարկ լինի, սիրով կհամագործակցենք:

-Իսկ «Հայֆիլմի» հետ աշխատելու ցանկություն չունե՞ք:
-Ցանկություն ունեմ, իսկ մի՞թե «Հայֆիլմ» կա:

Արգինե Հարությունյան