VERTEX

News

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՑ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Արդեն ավանդական դարձած մանկապատանեկան ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 16-ից եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 20-ը:
Փառատոնն անցկացվում է կինոյի եւ հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամի երեխաների եւ պատանիների համար «Ռոլան Բիկով» ֆոնդի նախաձեռնությամբ, մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այս տարի փառատոնում ընդգրկված է 60 ֆիլմ աշխարհի 20 երկրից: Դրանք կցուցադրվեն «Մոսկվայի տանը», «Նաիրի» եւ «Մոսկվա» կինոթատրոններում: «Փառատոնի շրջանակներում կտոնենք հայկական անիմացիայի ստեղծման 70-ամյակը: Հրավիրել ենք հայտնի անիմատորներ Ալեքսեյ Պետրոսովին, Էդուարդ Նազարովին, որը «Վինի Թուխը» մուլտֆիլմի ռեժիսորն է: Փառատոնի նպատակն է տարբեր տարիքի երեխաներին եւ պատանիներին ներկայացնել ֆիլմ-մշակույթ տարրերի համակցումը եւ ցուցադրել որակյալ ստեղծագործություններ», «Ազգի» հետ զրույցում նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Նելլի Ալելովան:

Փառատոնն անցկացվում է երկու անվանակարգերում` անիմացիոն եւ խաղարկային լիամետրաժ: Անիմացիոն ֆիլմերի ժյուրին կնախագահի Դավիթ Չելկակովը, իսկ լիամետրաժինը` Լեհաստանից ժամանած Անջեյ Էվենինը: Հայաստան կժամանի հայ անվանի ռեժիսոր, սցենարիստ Կարեն Շահնազարովը:
Նելլի Ալելովան նաեւ տեղեկացրեց, որ փառատոնն ունենալու է երկրորդ փուլ: Մինչեւ դեկտեմբերի վերջ կազմակերպիչները կայցելեն մարզեր, որտեղ կցուցադրվեն հաղթող ֆիլմերը: Առաջին այցը նախատեսված է հոկտեմբերի 21-ին` Արցախ:
Ստեփանակերտում տեղի կունենա Շահնազարովի «Կորած կայսրություն» ֆիլմի պրեմիերան, իսկ դաշնակահար Լեւոն Օգանեզովը հանդես կգա համերգային ընդարձակ ծրագրով:

Armtown.com  14.10.2008