VERTEX

News

Մանկապատանեկան փառատոնն ավարտեց մարզային շրջագայությունը

Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, որը հինգերորդ անգամ էր անցկացվում այս տարի, բաղկացած էր երկու բաժնից: Առաջին փուլի ընթացքում փառատոնը Երևանի կինոթատրոններում հոկտեմբերի 15-19-ը ցուցադրեց փառատոնում ընդգրկված ֆիլմերը, և արդյունքում ժյուրին ընտրեց լավագույներին, իսկ երկրորդ փուլն անցկացվեց Հայաստանի մարզերում:
Դեռ փառատոնի երևանյան օրերին կազմակերպիչներ` Երեխաների և պատանիների համար կինոյի և հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հիմնադրամը ու փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը, տեղեկացնում են, որ փառատոնի համար ավանդույթ է ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպել Հայաստանի մարզերում, այսպիսով փառատոնի մասնակիցը դարձնել նաև այն մանուկներին ու պատանիներին, ովքեր ի վիճակի չեն ֆիլմերը դիտել Երևանում: Հենց այս առիթով էլ Aysor-ը հանդիպեց և զրուցեց մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանի հետ: Նրա խոսքերով, Հայաստանի մարզերում փառատոնն արդեն սպասված իրադարձություն է, ավելին` տեղական ինքնակառավարման մարմիններն անում են առավելագույնը` փառատոնը կազմակերպելու և անցկացնելու համար:

Ն. Մանուկյանը պատմեց, որ փառատոնի մարզային այցելությունները սկսվել են դեռ աշնանից, երբ փառատոնն ընթանում էր Երևանում: Այդ ընթացքում Գյումրիում տեղի ունեցավ Էդմոն Քեոսայանի հուշատախտակի բացման արարողությունը, որին ներկա գտնվեցին փառատոնի շուրջ 40 հյուրերը` աշխարհի տարբեր ծայրերից:
«Մեր փառատոնն ունի ոչ միայն մշակութային ուղղվածություն, այլև սոցիալական»,- ընդգծեց Ն. Մանուկյանն ու հայտնեց, որ 2003 թ-ից հիմնադրամը համագործակցում է Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատան հետ:

Ն. Մանուկյանը հայտնեց, որ «Թռչունյան տան» սաներն իրենց դիմավորել են համերգային ծրագրով, բացի այդ հենց երեխաներն են պատրաստել այդ օրվա ճաշն ու այն մատուցել մանկատան հյուրերին: Նա կարևորեց այն հանգամանքը, որ երեխաներն այդպիսով հնարավորություն են ստանում շփվելու միայն հեռուստացույցից իրենց հայտնի ու սիրելի մարդկանց հետ, միասին ճաշել ու առանց կաշկանդվելու զրույցի բռնվել:

Փառատոնի այս տարվա մարզային այցելություններից է եղել նաև Ալավերդին, որտեղ փառատոնը ֆիլմեր է ցուցադրում սկսած 2006 թ-ից: Փառատոնի տնօրենի խոսքերով, իրենց համար հեշտ է ծրագրեր իրականցնել այս քաղաքում, քանի որ իրենց մեծապես օժանդակում է Ալավերդու քաղաքապետարանը և «Մանես» հիմնադրամը:

Ալավերդում ցուցադրվել են փառատոնի հաղթած և մրցանակների արժանացած ֆիլմերը: Ֆիլմերը ցուցադրվել են քաղաքի մշակույթի պալատում, որտեղ յուրաքանչյուր նստարանին երկու երեխա է նստել:       

«Մարզերում մեծ էկրանից ֆիլմեր դիտելու մշակույթը հետին պլան էր մղված, և, ամենակարևորը, այդ երեխաներին կինո գալու մշակույթ սովորեցնելն է, որպեսզի երեխան կինոդիտումն ընկալի` որպես ժամանց, որպես հաճույք ու լավ էմոցիաներ ստանալով` կինոդահլիճից դուրս գա ու իր ընկերների ու ծնողների հետ քննարկի ֆիլմը»,- հայտնեց Ն. Մանուկյանը, ով համոզված է, որ երեխաների ճիշտ դաստիարակության համար գլխավոր նախապայման է ինչպես «ճիշտ» մշակույթի հետ շփումը, այնպես էլ «երկխոսության բռնվելը ծնողների հետ»:

Հենց այս առիթով է, որ Ն. Մանուկյանը խնդրել է մարզերում իրենց հետ համագործակցողներին փառատոնի ֆիլմերի դիտումներից հետո դպրոցականներին շարադրություն գրել հանձնարարել: Սա արվել է ոչ միայն ֆիլմը դպրոցում ևս քննարկելու համար, այլև երեխայի վերլուծական միտքը, սեփական կարծիքն արտահայտելու հնարավորությունը տալու նպատակով:

Փառատոնի մյուս այցելությունը եղել է Քաջարանը, որտեղ փառատոնը հյուրընկալվել է առաջին անգամ` քաղաքապետ Վարդան Գևորգյանի հրավերով: Ն. Մանուկյանը հայտնեց, որ իրենք եղել են Քաջարանի երկու դպրոցներում, որոնք ունեն վերանորոգված ու կահավորված 250 տեղանոց դահլիճներ, որտեղ էլ հետագա համագործակցության ժամանակ հնարավոր կլինի ֆիլմերի ցուցադրույթուններ կազմակերպել: Փառատոնը եղել է նաև Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում, իսկ վերջում` Գավառի մանկատանը, որի հետ ևս փառատոնի կազմակերպիչները համագործակցում են 2003 թ-ից, և բազմաթիվ ծրագրեր են իրականացնում: Ն. Մանուկյանը հայտնեց, որ Գավառում իրենց անկրկնելի անակնկալ են մատուցել:

«Անցյալ տարի մանկատան երեխաները մեզանից խնդրել էին մանկական ֆիլմերի ու մուլտֆիլմերի երաժշտությունների կարաոկե ձայնասկավառակը: Մեր այցելության ժամանակ պարզեցինք, որ երեխաները, դայակի օգնությամբ, բոլոր երգերը թարգմանել են հայերեն, և այդ երգերը երգելով էլ մեզ դիմավորեցին»,- պատմեց Ն. Մանուկյանը:

Ն. Մանուկյանը հայտնեց նաև, որ եկող տարի փառատոնը փորձելու է ընդլայնել մարզեր կատարելիք այցելությունների շրջանակը և մյուս մարզերին ևս մասնակից դարձնել փառատոնին: Նա համոզված է, որ «կինոն միջոց է, որը լուրջ ազդեցություն է թողնում երեխաների վրա, ու կարևոր է, թե ինչպիսի ազդեցություն»: Այն, որ երեխաները կինոյի միջոցով ծանոթանում են այլ մշակույթի, այլ աշխարհընկալման, այլ հասարակությունների ու ապրելակերպի հետ, նրանց հետագա զարգացման ու կայացման գործում մեծ ազդեցություն է ունենալու:

«Մեր բոլոր այցելություններից հետո, տեղի ղեկավարները, մեզ աջակցողները, զարմանքով փաստում են, որ այս տարիների ընթացքում փառատոնին հաջողվել է երեխաներին մեկ ու կես ժամ պահել կինոէկրանի առջև, ու այնպես անել, որ մյուս տարի ևս երեխաները սպասեն փառատոնի գալուստին»,- ամփոփելով իր խոսքը` ընդգծեց Ն. Մանուկյանը, ով նշեց, որ իրենց աշխատանքի համար դրանից առավել բարձր գնահատական չի կարող լինել:

Փառատոնի տնօրենը հայտնեց նաև, որ մարզերի այցելությունների ընթացքում իրենք ընտրում են լավագույն երեխաներին, ովքեր մյուս տարի մասնակցելու են փառատոնի երևանյան կինոդիտումներին: Բացի այդ` լավագույն երեխաներին հիմնադրամը հնարավորություն է տալու մասնակցել միջազգային մյուս մանկապատանեկան փառատոներին, որոնք անցկացվում են աշխարհի տարբեր երկրներում:

19.12.2009  www.aysor.am