VERTEX

News

Հայտնի դարձան Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի արդյունքները

Երևանի Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը տեղի ունեցավ երեկ` «Մոսկվա» կինոթատրոնում, որի ընթացքում էլ հայտնի դարձան փառատոնի արդյունքները:
Փառատոնի կազմակերպիչ` Երեխաների և պատանիների համար կինոյի և հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հիմնադրամի «Ռոլան» մրցանակը հետմահու հանձնվեց հայ ամիմատոր Ռոբերտ Սահակյանցին: Փառատոնի պատվավոր հյուրը` «Երալաշ» մանկական կինոամսագրի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Բորիս Գրաչևսկին արժանացավ ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրին:

«Լսելով այն, թե ինչ են նրանք ասում, երբեմն զարմանում ես, թե ինչպես երեխաները կարող են ավելի հստակ ու փիլիսոփայորեն տրամադրված լինել այն խնդիրներին, որ շրջապատում են նաև մեզ` մեծահասակներիս»:
Լիամետրաժ ֆիլմերի մանկական ժյուրիի «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակին արժանացավ Իսրայելը ներկայացնող ռեժիսոր Լին Ռորի «Փոքրիկ դավաճանը» ֆիլմը:

Լիամետրաժ ֆիլմերի ժյուրիի անդամ Անիտա Բայանդուրը հայտնեց, որ «Փոքրիկ դավաճան» ֆիլմը մի դեռահաս տղայի մասին է, ով ատում է բրիտանական զորքերին, ովքեր մասնակցում են Պաղեստին-Իսրայել պատերազմում, և ամեն կերպ փորձում է վնասել նրանց: Այս տղան մի օր ծանոթանում է բրիտանացի մի զինվորի հետ և հասկանում, թե բանակում որքան բարի կարող է մարդը լինել: Ու, չնայած նրա ընկերները, ովքեր բացահայտում են փոքրիկի գաղտնի ընկերությունը, նրան դավաճան են կոչում, փոքրիկ տղան իր արարքներով ապացուցում է, որ ինքը դավաճան չէ:
«Ֆիլմը կարևորել ենք, քանի որ այն ընկերասիրության մասին է, պատերազմական իրողության մասին, և այն մասին, թե ինչ է իրականում կատարվում պատերազմի ժամանակ», - ընդգծեց Ա. Բայանդուրը:

Ամիմացիոն ֆիլմերի մանկական ժյուրին «Լավագույն անիմացիոն աշխատանք» անվանակարգում հաղթող ճանաչեց Իտալիան ներկայացնող ռեժիսոր Դամիանո Դամատոյի «Լուսինն Անապատում» ֆիլմը:
«Ինձ բոլոր ֆիլմերը դուր եկան, սակայն ամենից շատ ինձ ու մյուս երեխաներին էլ դուր եկավ այն ֆիլմը, որն ընտրեցինք», - հայտնեց Անիմացիոն ֆիլմերի մանկական ժյուրիի անդամ Ռոման Բադալյանը, ով ընդգծեց. «Այս ֆիլմը փոքրիկներին ցույց կտա, որ մուլտիկներն ու կինոները չեն ունենում միայն բարի ավարտ»:

Անիմացիոն ֆիլմերի մեծահասակների ժյուրիի կողմից «Լավագույն անիմացիոն աշխատանք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Ռոբերտ Սահակյանցի «Վեց հեքիաթ» անիմացիոն աշխատանքը, իսկ հատուկ մրցանակի արժանացան ռեժիսոր Մարիս Բրինկմանիոյի «Կախարդական ջուր» (Լատվիա) և ռեժիսորներ Ջեսպեր Մոլերի, Տոնի Լոեզևի «Հավերժ ընկերներ» ֆիլմը (Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա):
Նշենք նաև, որ այս տարի իր գնահատականը տվեց նաև հանդիսատեսը և փառատոնի ամենաակտիվ հանդիսատեսը «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը հանձնեց Նիկոլայ Դենիսովին` «Արկածներ Դիկանկայի մոտ գտնվող ագարակում» ֆիլմի համար:

Ամփոփելով փառատոնի արդյունքները` փառատոնի գեղարվեստական ղեկավար Նելլի Ալելովան լրագրողներին հայտնեց, որ փառատոնը կայացել է, ինչն ապացուցում են շուրջ 200 ֆիլմերը, որոնք ստացել է փառատոնը: Նշենք, որ դրանցից ընտրել է մոտ 60-ը` Համայնապատկեր ծրագրում և Մրցութային ծրագրում ներկայացնելու համար:

«Այսօր երևանյան այս փառատոնը գիտեն, ինչի մասին փաստում է այն, որ փառատոնի մասնակից ֆիլմերի մեծ մասը մեզ ուղարկվածներն են, և ինչը հիմք է տալիս ասելու, որ ապագայում մենք ավելի հայտնի ենք դառնալու»,- ընդգծեց Ն. Ալելովան:

ԱՅՍՕՐ, 11:55 Aysor.am