VERTEX

News

Երեք ռուսական պրեմիերաներ. Երևանում բացվում է մանկապատանեկան ֆիլմերի փառատոն

Հոկտեմբերի 15-ից 19-ը Երևանում կանցկացվի մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը:
Ըստ վերջինիս` փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվել է 23 երկրից 51 ֆիլմ, այդ թվում նաև` Ռուսաստանից, Լատվիայից, Ուկրաինայից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և Հայաստանից: «Այս տարի մենք տոնում ենք փառատոնի հինգերորդ տարեդարձը: Այդ կապակցությամբ մենք մշակել ենք բավական հետաքրքիր ծրագիր»,- նշել է Նունե Մանուկյանը:

Այսպիսով, փառատոնի շրջանակներում, բացի ֆիլմերի ցուցադրումներից, անցկացվելու են 10 վարպետության դասեր, կազմակերպվելու են դպրոցականների հանդիպումներ հյուրերի հետ: Հավելենք, որ այս տարի հյուրերի թվում են Բորիս Գրաչևսկին, Նիկոլայ Դենիսովը և Լևոն Օգանեզովը: Նախատեսված են նաև երեք պրեմիերաներ` Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ N 6»-ը, Գրաչևսկու «Տանիք»-ը և Դենիսովի «Արկածներ Դիկանկայի մոտ գտնվող ագարակում» կինոնկարը:

Փառատոնի շրջանակներում նաև տեղի կունենա Ռուսաստանի վաստակավոր արտիստ, դաշնակահար Լևոն Օգանեզովի ստեղծագործական երեկոն:
Հավելենք, որ հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնը Երևանում կներկայացնի իր նոր ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հենց մեր մայրաքաղաքում:

Tert.am