Համերգային ծրագրին հաջորդեց փառատոնի բացումը, որին ներկա էին ինչպես հայ, այնպես էլ արտերկրից ժամանած կինոմատոգրաֆիայի, մուլտիպլիկացիայի արվեստի անվանի գործիչներ: Հյուրերի թվում էին «Երալաշ» մանկապատանեկան հանդեսի հեղինակ Բորիս Գրաչեւսկին, աշխարհահռչակ ռեժիսոր, անիմատոր Հարի Բարդինը: Փառատոնի ընթացքում կներկայացվի 81 ֆիլմ 27 երկրներից, որոնք կգնահատվեն նաեւ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Բացման սկզբում ներկայացվեց մասնակիցների ցանկը. փառատոնին իրենց մասնակցությունն են բերել ֆիլմեր Ռուսաստանից, Լեհաստանից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Թուրքիայից, Բելառուսից եւ այլ երկրներից:
Մանկապատանեկան փառատոնի շրջանակներում կկայանա Հարի Բարդինի «Անճոռնի ճուտիկը» հայտնի մուլտֆիլմի հայաստանյան պրեմիերան: Այս տարի փառատոնի մի շարք անվանակարգերի թվում ավելացել է եւս մեկը` «Դու մենակ չես, միասին կհաղթենք», որը կունենա նաեւ սոցիալական ուղղվածություն:
Հանդիսատեսի համար փառատոնի կազմակերպիչներն անակնկալ էին պատրաստել. իր ուրախ կատարմամբ հանդես եկավ Գրիգորի Գլադկովը, ում հետ էր նաեւ նրա դուստրը: Գլադկովը դահլիճի բոլոր երեխաներին բեմ հրավիրեց ու երգեց` կիթառ նվագելով: «Երեւանը շատ գեղեցիկ քաղաք է, ունի տաղանդավոր, լուսավոր երեխաներ, հիանալի բնություն, սա մի վայր է, որտեղ պետք է ստեղծվի կինո»,- ասաց Գլադկովն ու հավելեց, որ լինելով «Մանկական Եվրատեսիլ»-ի ժյուրիի անդամ, ամեն անգամ այնտեղ տեսնում է, թե ինչպես են հայ երեխաները շատ լավ, փայլուն ելույթ ունենում ու բարձր տեղեր զբաղեցնում:
Փառատոնի բացում եղավ «Պիլոտ» ստուդիայի մուլտֆիլմերի հատուկ ցուցադրությամբ: Նշենք, որ փառատոնն անց է կացվում Երեխաների եւ պատանիների համար կինոյի եւ հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախաձեռնությամբ: Գլխավոր նպատակն է երեխաներին ներկայացնել ուսուցողական ու հետաքրքիր ֆիլմեր, հնարավորություն տալ այցելել կինոթատրոն ու այնտեղ ֆիլմ դիտել. «Մենք ընտրել ենք այնպիսի ֆիլմեր, որոնք ասելիք, հաղորդագրություն ունեն»,- ասաց Նունե Մանուկյանը: Բոլոր ֆիլմերը նոր են, Մանկապատանեկան 6-րդ միջազգային փառատոնը Երեւանում կտեւի մինչ հոկտեմբերի 16-ը, որից հետո կլինի շրջագայություն ՀՀ մարզերով. փառատոնը կտեւի 40 օր: Bravo.am
|
Հարի Բարդինը, Բորիս Գրաչեւսկին ու շատ այլ հայտնիներ Հայաստանում են :)
|