VERTEX

News

«Անճոռնի ճուտիկի» պրեմիերան` Հայաստանում

Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը տարեցտարի ընդլայնում է թե իր աշխարհագրությունը, թե ֆիլմերի որակը:

Փառատոնին շուրջ800 ֆիլմի հայտ է ներկայացվել, որից ընտրվել 81-ը 27 երկրից: Հայաստանը կներկայանա երեք ֆիլմով: Այս մասին ասաց փառատոնի կազմակերպիչ «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը:

Նա նշեց այն չափանիշները, որոնք պարտադիր են փառատոնին մասնակցելու համար. «Ֆիլմերը պետք Է նկարահանված լինեն վերջին 2-3 տարում: Ամենակարևորը դրանց գաղափարն է, թե ինչ հաղորդագրություն կա դրանցում` ուղղված երեխաներին, և թե ինչքանով են դրանք վեր հանում նրանց պրոբլեմները ամբողջ աշխարհում»:

Բացի արդեն ավանդական դարձած անվանակարգերից, այս տարի փառատոնի շրջանակներում առաջին անգամ կսահմանվի «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգը, որը շարունակական կլինի: Այս նոմինացիայի ժյուրիի նախագահն է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

«Մարդու իրավունքները առաջին հերթին արժեհամակարգ են, և սա այն միջոցառումներից մեկն է, որը նպաստում է այդ արժեհամակարգը ձևավորելուն: Դա ավելի դժվար է, քան երկրի օրենդրությունը փոխելը»,-նշեց Մարդու իրավունքների պաշտպանը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին էլ կարևորեց փառատոնի առաքելությունը: «Ամենակարևորը, որ այն նպաստի երեխաների իրավունքների պաշտպանությանը, և հասարակության մեջ տարածվի նրանց իրավունքների մասին հնարավորինս շատ տեղեկատվություն: Այս փառատոնը հզոր ամբիոն է նրա համար»,-ասաց նա:

Նախատեսված է նաև «Դու մենակ չես, միասին կհաղթենք» խորագրով սոցիալական ուղղվածության ակցիա, որի շրջանակներում բժշկական անվճար հետազոտություն կանցնեն մի շարք մանուկներ ու պատանիներ: Փառատոնի գեղարվեստական ղեկավար Նելլի Ալելովայի հավաստմամբ` անապահով ընտանիքների երեխաները հնարավորություն կունենան անվճար դիտել փառատոնի ֆիլմերը:

Երևանում Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 12-16-ը, որից հետո 40 օր կտևի նաև մարզերում: Փառատոնի բացումը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ մինչ այդ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում միջոցառում կլինի և Նունե Մանուկյանի խոսքերով` ջանք չի խնայվի երեխաների համար օրը տոն դարձնելը:

Ի դեպ` փառատոնի շրջանակներում աշխարհահռչակ ռեժիոր, անիմատոր Հարի Բարդինի «Անճոռնի ճուտիկը» մուլտֆիլմը առաջինը հայ երեխաներին կներկայացվի: