VERTEX

News

Մեկնարկում է Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը

Այսօր մեկնարկում է Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը, որը նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակին: Մեկնարկը տրվելու է Շառլ Ազնավուրի հրապարակից՝ թատերականացված ներկայացմամբ (ժամը 18.00), իսկ «Մոսկվա» կինոթատրոնում արդեն կանցկացվի փառատոնի պաշտոնական մասը:

Նշենք, որ փառատոնը շարունակվելու է մինչև հոտեմբերի 26-ը: Մարզերում այն կշարունակվի 40 օր: Փառատոնի ծրագրում ընդգրկվել է ավելի քան 98 ֆիլմ 35 երկրից:

Փառատոնի ընթացքում իրականացվելու են մի շարք ծրագրեր` «Ես իրավունք ունեմ», «Երկրի օր» («Ճապոնիայի օր Հայաստանում), «Դու մենակ չես… Միասին կհաղթենք», որի շրջանակում Հայաստան կժամանի Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ օթոլարինգոլոգ Վլադիմիր Կոզլովը, ով 3 օր «Արաբկիր» բժշկական կենտրոնում կկատարի անվճար ցուցադրական վիրահատություններ մանկատների երեխաների, նաև անվճար բուժզննում անապահով ընտանիքների երեխաների համար, կկարդա դասախոսություններ:

Փառատոնի ծրագրերից մեկի շրջանակում USAID և «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» աջակցությամբ կիրագործվի տարածաշրջանային ծրագիր, որի շրջանակներում առաջին անգամ երեքական երեխա Հայաստանից, Թուրքիայից և Վրաստանից կմասնակցեն workshop-ի, ինչի արդյունքում կնկարահանվի անիմացիոն ֆիլմ: «Մեր փառատոնն իր մեջ ներառում է կրթական, սոցիալական, մշակութային գործոն: Մեզ համար կարևոր է այլ փառատոների հետ համագործակցությունը: Մենք ցանկացանք մեր փառատոնի միջոցով կապ հաստատել մեր հարևանների հետ: Այս ծրագիրը հենց այդ նպատակին է ծառայում»,- ասաց Ն. Մանուկյանը:

Նշենք նաև, որ փառատոնի ընթացքում անցկացվելու են կինոդիտումներ, վարպետության դասեր, ստեղծագործական երեկոներ, համերգներ, պրեմիերաներ, միջազգային փառատոների շնորհանդեսներ, կլոր-սեղան քննարկումներ, հանդիպումներ բուհերում, հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում:

Փառատոնը կազմակերպվում է Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամի կողմից` ՀՀ նախագահի ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Աղբյուր` Panorama.am

22.10.2011