VERTEX

2001 թվականից Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար «Ռոլան Բիկով» ֆոնդը կազմակերպում է Մանկապատանեկան ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոն Երևանում, ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում:

Փառատոնի պատվավոր նախագահն է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ՎԳԻԿ-ի պրոֆեսոր Արմեն Մեդվեդևը:
Փառատոնի նախագահն է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:
Փառատոնի մրցութային անվանակարգերում աշխատում են պրոֆեսիոնալ և մանկապատանեկան ժյուրիները:

Փառատոնի շրջանակներում իրականացվում են մշակութային, կրթական և սոցիալական ծրագրեր, տարեկան կինոդիտումների ավելի քան 15 000 անվճար տոմս է բաժանվում Երևանի և հարակից մարզերի դպրոցների երեխաներին:
Տարիներ շարունակ փառատոնը համագործակցում է Հունաստանի, Իտալիայի, Ուկրաինայի, Էստոնիայի, Վրաստանի, Իրանի, Բելոռուսի, Ռուսաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Արգենտինայի, Լատվիայի, Լիտվայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզեբկստանի, Լեհաստանի, Հնդկաստանի, Կանադայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի միջազգային կինոփառատոնների և կինոկազմակերպությունների հետ:
Հիմնադրման օրվանից փառատոնը համագործակցում է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի, Ռուս-հայկական սլավոնական համալսարանի, Երևանի պետական մանկավարժական համալսարանի, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հետ:
Փառատոնի ընթացքում կազմակերպվում են վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ ու քննարկումներ երեխաների, պատանիների և երիտասարդ ռեժիսորների համար:
Փառատոնի կատալոգը տպագրվում է երեք լեզուներով` հայերեն, անգլերեն և ռուսերեն:

Փառատոնը հյուրընկալել է կինոաշխարհի հայտնի գործիչների, ինչպիսիք են
Կարեն Շահնազարովը` «Մոսֆիլմ» կոնցեռնի գլխավոր տնօրեն (Ռուսաստան), Բորիս Գրաչևսկին` «Երալաշ» մանկական կինոհանդեսի գեղարվեստական ղեկավար (Ռուսաստան), Յուրի Նորշտեյնը` հայտնի մուլտիպլիկատոր (Ռուսաստան), Աթինա Ռիկակին` CIFEJ-ի նախկին նախագահ (Հունաստան), Միոմիր Ռաջևիչը` CIFEJ-ի փոխնախագահ (Սերբիա), Միրեյ Անտուանը` «Vesna» միջազգային կինոփառատոնի նախագահ (Ֆրանսիա), Սուսաննա Վիլեջջիան` Մանկապատանեկան ֆիլմերի “Nueva Mirada” միջազգային կինոփառատոնի նախագահ (Արգենտինա), Եժի Մոշկովիչը` «Ale Kino!» միջազգային կինոփառատոնի նախագահ (Լեհաստան), Վեդա Կումար Մանիկոնդան` Հայդերաբադի միջազգային կինոփառատոնի նախագահ (Հնդկաստան), Դավիթ Չերկասսկին` «KROK» միջազգային կինոփառատոնի համանախագահ (Ուկրաինա), Ալեքսանդր Գորդոնը` հայտնի հեռուստալրագրող (Ռուսաստան), Էդուարդ Նազարովը` «KROK» միջազգային կինոփառատոնի համանախագահ (Ռուսաստան), Բենջամին Ֆրենսիսը` «Աֆրիկա» մշակութային հիմնադամի գլխավոր տնօրեն, Յոհաննեսբուրգի առաջին «Մանկական թանգարանի» հիմնադիր տնօրեն (ՀԱՀ), Տիգրան Քեոսայանը` ռեժիսոր (Ռուսաստան), Դավիթ Քեոսայանը` պրոդյուսեր (Ռուսաստան), Գարրի Բարդինը` ռեժիսոր – մուլտիպլիկատոր, «Նիկա» մրցանակի եռակի դափնեկիր, Կլաուդիո Գուբիտոսին` «Giffoni» միջազգային կինոփառատոնի նախագահ (Իտալիա), Ալեքսանդր Պետրովը` հայտնի մուլտիպլիկատոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր և այլք: