ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ՌՈԼԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 12-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ 2016թ. նոյեմբերի 5-9-ը Երևանում և 40 օր ՀՀ մարզերում ու Արցախում տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation)` ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Շուրջ 48 երկրներից ստացված 865 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 165 ֆիլմ: «Ռոլան» 12-րդ փառատոնի ընթացքում ժյուրիի նախորդ տարիների ձևաչափը պահպանվել է, որտեղ բացառապես աշխատելու են երեխաներ և երիտասարդներ, մասնավորապես` «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Շնող և Թեղուտ համայնքների երեխաները, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները, և «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում` 7 զորամասերի զինվորները: Փառատոնային 5 օրերի ընթացքում Երևանում («Մոսկվա» կ/թ, «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոն, և այլն), Գյումրիում («Հոկտեմբեր» կ/թ), Ալավերդիում (Մշակույթի տուն) և Գավառում (Գավառի մանկատուն, և այլն) ցուցադրվելու են լավագույն փառատոնային ֆիլմեր և մուլտֆիլմեր երեխաների և երիտասարդների համար: Այնուհետև` 40 օրվա ընթացքում, ցուցադրությունները կշարունակվեն նաև ՀՀ մարզերում՝ Լոռի, Գեղարքունիք, Սյունիք, Տավուշ և Արագածոտն, ու Արցախում: Ցուցադրությունները կազմակերպվում են բացառապես բարեգործական սկզբունքով: Այս տարի ևս փառատոնը կհյուրընկալի ճանաչված և սիրված մշակութային գործիչների արտերկրից, այդ թվում`ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Կաննի «Ոսկե Արմավենի» մրցանակակիր և ռուսական «Ստայեր» կինոստուդիայի հիմնադիր, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Գարրի Բարդինին, /Փառատոնի շրջանակներում կիրականացվի ռեժիսորի՝ «Լսելով Բեթհովենին» անիմացիոն ֆիլմի պրեմիերան, ինչպես նաև տեղի կունենա նրա ստեղծագործական երեկոն` նվիրված ծննդյան 75-ամյակին/: Ավանդույթը չխախտելով կհյուրընկալվի նաև փառատոնի հավատարիմ բարեկամը`ՌԴ «Ոսկե օստապ» մրցանակի երկակի դափնեկիր, «Ոսկե խոյ» մրցանակակիր, «Երալաշ» մանկական հումորային հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին: Փառատոնի ընթացքում առաջին անգամ կցուցադրվեն ռեժիսորի «Երալաշ» մանկական կինոամսագրի նոր համարներ: Մասնակիցների կազմում կլինեն նաև բազմաթիվ հյուրեր այլ երկրներից: «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նախատեսվում են փառատոնի բացման և փակման արարողություններ, մամուլի ասուլիսներ, կինոդիտումներ, պրեմիերաներ, ստեղծագործականհանդիպումներ, վարպետությանդասեր, հանդիպումներ բուհերում, հանրակրթական դպրոցներում, workshop-եր, կլոր սեղան քննարկումներ, ինչպես նաև մի շարք մշակութային, կրթական ու սոցիալական ծրագրեր: Փառատոնի բացման արարողություն – նոյեմբերի 5 ժամը 19:00 «Մոսկվա» կ/թ Կարմիր դահլիճ Փառատոնի փակման արարողություն – նոյեմբերի 9 ժամը 19:00 «Մոսկվա» կ/թ Կարմիր դահլիճ
Փառատոնի նախագահ` Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյան Փառատոնի գեղարվեստական ծրագրերի տնօրեն՝ Նելլի Ալելովա Փառատոնի մամուլի քարտուղար` Կարինե Գրիգորյան
(հեռ.` 091 51 04 79, e-mail: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it ) |
12-ՐԴ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ 2016
Written by Zara
|