VERTEX

News

Գավառի մանկատան սաները «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի փակմանը երգ ձոնեցին բոլոր հայ մայրերին
Written by Zara

 

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնի երևանյան փուլն ավարտված է: Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ փառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում հայտարարվեցին տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչված ֆիլմերը:

Փառատոնի հիմնադիր տնօրեն, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ ուրախ, որովհետև կարողացել են իրականացնել նախատեսված ծրագրերը. «Գոհ եմ լեփ-լեցուն դահլիճներից, գոհ եմ փառատոնի ողջ ընթացքից, գոհ եմ, որ «Ես կօգնեմ» ակցիային մասնակցեցին հազարավոր երեխաներ: Այս ակցիայով մենք ուզում էինք բարեգործական մշակույթ սերմանել մեր երեխաների մեջ, և ծրագիրն աշխատեց` կինոդիտման եկող երեխաներն անպայման ինչ-որ բան էին բերում իրենց հետ և թողնում հատուկ արկղերի մեջ»,- ասաց նա` ընդգծելով, որ ակցիան դեռ շարունակվում է, ինչպես նաև փառատոնն է դեռևս ընթացքի մեջ. «Այսօր միայն երևանյան փուլն է ավարտվում, իսկ վաղվանից արդեն մարզային փուլն է սկսվում: Մենք ունենք մեր հանդիսատեսը, որը մեզ սպասում է մարզերում, հետո փառատոնը կմեկնի Արցախ, իսկ հետո Ջավախք»:

Փակման արարողությանը մասնակցում էին նաև մանկապատանեական ժյուրիի անդամները Լուռու մարզից, Գավառի մանկատնից, Թումո ստեղծարար կենտրոնից:

Գավառի մանկատան սաները` 10-ամյա Ալլան և 11-ամյա Մարիամը մեծ ոգևորությամբ էին եկել մայրաքաղաք իրենց համար կարևոր այս իրադարձությանը մասնակցելու համար: Նրանք փառատոնային օրերին շատ ֆիլմեր են դիտել և ընտրել են իրենց ամենահավանած երկու ֆիլմերը, ասում են` գիտակցել են, որ պատասխանատու գործ են կատարում:

Պատասխանատու աշխատանքի արդյունքում երեխաներն ընտրել էին Մարիա Պետերսի «Քարացի´ր» և Դավիթ Սահակյանցի «Անահիտ» ֆիլմերը:

Դավիթ Սահակյանցը մրցանակը ստանալիս ընդգծեց, որ իր համար շատ հաճելի է երեխաների ձեռքից այն ստանալը, քանի որ մուլտֆիլմը հենց նրանց համար է ստեղծված. «Ձեր կարծիքը մեզ համար շատ կարևոր է»,- հայտարարեց նա և փառատոնի կազմակերպիչներին մաղթեց, որ հաջորդ տարիներին կարողանան ամբողջովին իրականացնել իրենց բոլոր ծրագրերը:

Գավառի մանկատան երեխաների ղեկավարն էլ շնորհակալություն հայտնեց փառատոնին իրենց միշտ ուշադրության կենտրոնում պահելու համար և ասաց, որ երեխաները երգ են պատրաստել հատուկ այս արարողության համար:

«Մեր երգը նվիրում ենք հայ մայրերին»,- հայտարարեց երեխաներից մեկը և նրանք միասին երգեցին. «Աշխարհն ուրախ է, սիրտս հանգիստ է, երբ դու իմ կողքին ես, մամա´»:

Արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Անիտա Երզնկյանն էլ հայտարարեց, որ «Ռոլանը» սպասված և շատ սիրված փառատոն է. «Հայաստանում մանկապատանեկության խնդիրներին ուղղված ֆիլմեր գրեթե չեն ստեղծվում, և այդ առումով այս փառատոնը կարող է շատ լավ խթան հանդիսանալ: Ամեն տարի նոր անվանակարգեր և նոր նախագծեր են ավելանում: Այս անգամ մեծ գործ է արվում` գրքեր, խաղալիքներ, գրենական պիտույքներ են հավաքվում, որոնք ուղղվելու են սահմանամերձ շրջաններում ապրող երեխաներին»,- ասաց նա` ընդգծելով, որ բարությունն ու մարդասիրությունը մեզանում քիչ է այսօր, և պետք է հանրությանը համակել սիրով:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ակտիվ համագործակցության համար Նունե Մանուկյանին պարգևատրեց պատվոգրով, իսկ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներն էլ իրենց անակնկալը մատուցեցին` բեմից կատարելով ՀՀ օրհներգը:

Արարողության ավարտին ցուցադրվեց Կոնստանտին Բրոնզիտի «Առանց տիեզերք ապրել չենք կարող» ֆիլմը (2014): Ֆիլմն իսկական և ամուր ընկերության մասին է, երկու ընկերների` տիեզերք թռչելու երազանքի և այդ երազանքին միասնաբար, իրար ձեռքից բռնած հասնելու և միշտ իրար թիկունք լինելու մասին է: Ընկերները շատ մոտ են իրենց երազանքին, բայց անհաջող թռիչքից հետո նրանցից մեկը հավերժ մնում է տիեզերքում, իսկ մյուս ընկերն այդպես էլ չի հաշտվում այդ մտքի հետ և շատ չանցած արդեն առանց տիեզերանավի է հասնում տիեզերք` բռնելու իր հարազատ ընկերոջ ձեռքը:

Ներկայացնում ենք փառատոնում հաղթած ֆիլմերը:

 

  • «Գրան պրի» - «Սիկոս», 2013թ., Նիդերլանդներ, ռեժիսոր` Լոդվիկ Քրայնս,
  • «Հանդիսատեսի համակրանք» - «Քարացի´ր», 2014թ., Նիդերլանդներ, ռեժիսոր` Մարիա Պետերս,

 

«Անահիտ», 2014թ., Հայաստան, ռեժիսոր` Դավիթ Սահակյանց

 

  • «Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ» - «Շանա` գայլի երաժշտություն», 2014թ., Կանադա, Շվեյցարիա, ռեժիսոր` Նինո Ցակուսսո,
  • «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» - «Երազ տեսա», 2013թ., Իսպանիա, ռեժիսոր` Խավիեր Նավարո,
  • «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» - «Տղան և աշխարհը», 2013թ., Բրազիլիա, ռեժիսոր` Ալե Աբրեու,
  • «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» - «Հրում», 2014թ., Կարեայի հանրապետություն, ռեժիսոր` Սա Յեոնդոնզ,
  • «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» մրցանակ «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում - «Ենթակա է որդեգրման», 2012թ., Ֆրանսիա, ռեժիսոր` Լորենտ Բոյլու, Յունգ Հենին,
  • «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» մրցանակ «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում - «Նիկոլետա», 2013թ., Միացյալ թագավորություն, Հունաստան, ռեժիսոր` Սոնյա Լիզա Կենտերմեն,
  • «Լավագույն ֆիլմ» մրցանակ «Պատիվ ունեմ» անվանակարգում - «Չեզոք գոտի», 2013թ., Հայաստան, ռեժիսոր` Արտակ Զիլֆիմյան:

 

 

 

http://nyut.am/?p=92598&l=am