VERTEX

Փառատոն 2015

Փառատոն 2013
Գրել է Administrator

2013թ. նոյեմբերի 1-5-ը Երևանում և 30 օր ՀՀ մարզերում տեղի կունենա Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова , Armenian Rolan Bykov Foundation) ` ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Փառատոնի ծրագրում ընդգրկվել է 113 ֆիլմ 34 երկրներից:

Փոփոխության է ենթարկվել Մանկապատանեկան ժյուրիի ձևաչափը, որտեղ այս տարի աշխատելու և փառատոնի անիմաջական մասնակիցն են դառնալու  Լոռու մարզի Ալավերդի, Շնող, Թեղուտ և Շահումյան համայնքների երեխաները, Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատան, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության սաները, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, Սիամանթոյի անվան համար 162 դպրոցի և «Երևակ» կրթահամալիրի աշակերտները:

Ընդլայնվել է մրցութային անվանակարգերի շարքը` համալրվելով Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի կողմից ստեղծված երեք նոր անվանակարգերով.

1. «Պատիվ ունեմ» հայրենասիրական ֆիլմերի անվանակարգ – ստեղծվել է` կինոյի միջոցով նպաստելու զինվորների գաղափարական դաստիարակությանը, բանակի մարտական ոգու բարձրացմանը: Լավագույն փառատոնային ֆիլմերը գալիք տարվա ընթացքում ցուցադրվելու են հանրապետության բոլոր մարզերում տեղակայված զորամասերում: Փառատոնի օրերին զորամասերում կազմակերպվելու են հանդիպումներ հանրահայտ ռեժիսորների ու ճանաչված մարզիկների հետ: Նոր անվանակարգի ստեղծումը  ողջունվել և խրախուսվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

2. «Սպորտն իմ ընտրությունն է» սպորտային ֆիլմերի անվանակարգ – ստեղծվել է` կինոյի միջոցով խթանելու մասսայական սպորտի դերն ու նշանակությունը հայ երեխաների և երիտասարդության  շրջանում, շեշտելու սպորտի և առողջ ապրելակերպի անհրաժեշտությունը:

3. «Երաժշտական ֆիլմերի» անվանակարգ

 

Փառատոնի շրջանակներում կիրականացվեն հետևյալ ծրագրերը`

1. 9-րդ փառատոնը` հարթակ երիտասարդների միջև մշակութային երկխոսության համար

(“9th Festival as a Platform for Cross Border Cultural Dialogue for Youth”,

«9-ый фестиваль – как платформа для международного культурного диалога молодежи»)

 

Ծրագրի նպատակն է ազգամիջյան կոնֆլիկտներ ունեցող երկրների երիտասարդների համար մշակութային երկխոսության պայմաններ ստեղծել` օգտագործելով փառատոնը որպես հարթակ և կինոն որպես միջոց:

Առաջին անգամ ծրագրի շրջանակներում Հայաստան կհրավիրվեն երիտասարդ կինեմատոգրաֆիստներ/ուսանողներ սևծովյան և եվրոպական երկրներից` Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա, Գերմանիա, Հայաստան և այլն:

Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են`

· «Կինոն` հանդուրժողականության լեզու» թեմայով միջազգային կոնֆերանս

(“Cinema as Language of Tolerance”, «Кино – как язык толерантности »)

·     «Խաղաղ ապրելն ավելի լավ է» խորագրով սեմինար-մրցույթ

(“Better to live in Peace”, «В мире жить выгодно!»)

2. «Հարավաֆրիկյան Հանրապետության օր» (“South African Day”, «День Южной Африки») «Երկրի օր» նախագծի շրջանակներում (“Country Day”, «День страны»),

Կազմակերպվելու է`

· «Խաղաղություն» (“Peace”, «Мир») խորագրով համատեղ ցուցահանդես, որին ներկայացվելու են Գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի ստուդիա-քոլեջի սաների և ԼՂՀ-ի ստեղծագործող երեխաների լավագույն աշխատանքները

· ռեժիսոր Թիմ Փրիչարդի «Անտուն երեխաները միավորվում են» (“Street Kids United) ֆիլմի ցուցադրությունը:

3. «Մենք բոլորս տարբեր ենք, մենք բոլորս հավասար»

(“Мы все разные, мы все равны”; “We are all different, we are all equal”)

Այս տարի ևս հիմնադրամը շարունակում է համագործակցությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ: «Ես իրավունքներ ունեմ» նախագծի շրջանակներում կիրագործվի «Մենք բոլորս տարբեր ենք, մենք բոլորս հավասար» ծրագիրը, որը մեկ անգամ ևս կբարձրաձայնի սահմանափակ կարողություններով երեխաների իրավունքների մասին, այն երեխաների, որոնք հասարակությունից մեկուսացած են ապրում և շատ դեպքերում զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից: Ծրագրի նպատակն է փառատոնը որպես հարթակ օգտագործելով` սատարել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպվող հաշմանդամություն ունեցող երեխաների ներառմանը նվիրված ազգային արշավին:

Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նախատեսվում են փառատոնի բացման և փակման արարողություններ, մամուլի ասուլիսներ, կինոդիտումներ, պրեմիերաներ, ստեղծագործական հանդիպումներ, վարպետության դասեր, հանդիպումներ բուհերում, հանրակրթական ու արվեստի դպրոցներում, work shop-եր, կլոր սեղան քննարկումներ, ցուցահանդեսներ, ինչպես նաև մի շարք մշակութային, կրթական ու սոցիալական ծրագրեր: