VERTEX

News

ԵՍ ՁԵԶԱՆԻՑ ՄԵԿՆ ԵՄ

Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (UNICEF-Armenia) համագործակցությունը շարունակվեց 8-րդ փառատոնի շրջանակներում ևս:

«Ես իրավունքներ ունեմ» նախագծի շրջանակներում իրագործվեց «Ես ձեզանից մեկն եմ» ծրագիրը, որը մեկ անգամ ևս բարձրաձայնեց սահմանափակ կարողություններով երեխաների իրավունքների մասին, այն երեխաների, որոնք հասարակությունից մեկուսացած են ապրում, որոնք շատ դեպքերում զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից: Մինչդեռ այդ երեխաները կարող են ցուցաբերել իրենց հնարավորություններն ու ունակությունները, կարող են իրենց ներդրումը բերել մեր հասարակությանը, եթե նրանց համար ապահովենք կրթության համապատասխան պայմաններ, ընդգրկենք մշակութային, կրթական ու սոցիալական ծրագրերում, փորձենք խթանել նրանց զարգացումը:

 

Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը տարիներ շարունակ փորձում է ամեն կերպ աջակցել նման խնդիրներ ունեցող երեխաներին` ինտեգրելով նրանց փառատոնային միջոցառումներին, կինոդիտումներին, քննարկումներին, մանկապատանեկան ժյուրիի աշխատանքներին, հատուկ նրանց համար կազմակերպվող ցուցահանդեսներին ու համերգներին:

Այս տարի ծրագրի շրաջանակներում «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ի, «Փիլադելփիա» հաշմանդամ երեխաների և «Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների և երիտասարդների իրավունքի պաշտպանության հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպվեց «Ես ձեզանից մեկն եմ» խորագիրը կրող ցուցահանդես, որտեղ ներկայացված էին սահմանափակ կարողություններով երեխաների լավագույն նկարչական աշխատանքները: