VERTEX

Փառատոն 2010
Գրել է Administrator

2010թ. հոկտեմբերի 12-16-ը Երևանում անցկացվեց Մանկապատանեկան ֆիլմերի վեցերորդ միջազգային փառատոնը, որը կազմակերպվել էր Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի կողմից ՀՀ Նախագահի և Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի երևանյան փուլից հետո փառատոնը հյուրընկալվեց ՀՀ 5 մարզերում (Վանաձոր, Ալավերդի, Գավառ, Բյուրեղավան, Գյումրի), որտեղ ցուցադրվեցին փառատոնի մրցանակակիր լավագույն ֆիլմերը, տեղի ունեցան հանդիպումներ մշակույթի տներում, հանրակրթական դպրոցներում ու մանկատներում:

2010թ. փառատոնի ֆիլմերի ծրագրում ընդգրկվել էր 81 ֆիլմ շուրջ 27 երկրից:

Փառատոնին մասնակցեցին ավելի քան 12 000 երեխաներ Երևանից և ՀՀ մարզերից:

Փառատոնի շրջանակներում Բաց հասարակության հիմնադրամներ (Հայաստան)-ի օժանդակությամբ իրականացվեց «Կինոդիալոգը` որպես համատեղ միջազգային ստեղծագործական ծրագրերի փորձի ամրապնդման միջոց» ծրագիրը, որի շրջանակներում անցկացվեցին բազմաթիվ վարպետության դասեր, ստեղծագործական երեկոներ, պրեմիերաներ, քննարկումներ փառատոնի հյուրերի և հայ ռեժիսորների, օպերատորների, պրոդյուսերների և այլոց մասնակցությամբ:  
Հոկտեմբերի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Գարրի Բարդինի «Անճոռնի ճուտիկը» մուլտֆիլմի պրեմիերան, որին նախորդեց ռեժիսոր-մուլտիպլիկատորի հանդիպումը հայ հանդիսատեսի հետ:


Առաջին անգամ Մանկապատանեկան ֆիլմերի վեցերորդ միջազգային փառատոնի շրջանակներում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ներկայացվեց ևս մեկ նոր մրցութային անվանակարգ` «Ես իրավունքներ ունեմ» խորագրով: Այս անվանակարգում ընդգրկվել էին երեխաների իրավունքներին, դրանց ոտնահարմանն ու խախտմանը վերաբերող խաղարկային ու վավերագրական ֆիլմեր: Կազմակերպվել էր նաև «Ես իրավունքներ ունեմ» խորագրով երեխաների նկարների ցուցահանդես: Նոր անվանակարգն այսուհետ շարունակական բնույթ կկրի` համալրելով փառատոնի մյուս մրցութային անվանակարգերի ցանկը:

Փառատոնի միջոցառումների և ծրագրերի շարքում ուշագրավ էր սիրտ-անոթային և ուռուցքային հիվանդություններով տառապող երեխաների համար` «Դու մենակ չես... Միասին կհաղթենք...» խորագրով կազմակերպված բարեգործական ակցիան: Ակցիայի շրջանակներում Երևան էր ժամանել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ուռուցքաբանության, հեմատոլոգիայի և իմունոլոգիայի մանկական գիտական կենտրոնի տնօրենի առաջին տեղակալ Ալեքսեյ Մասչանը, որը 3 օր անվճար բուժզննում իրականացրեց Երևանի մասնագիտացված բուժկենտրոններից մեկում: Ակցիայի շրջանակներում բուժզննում անցած երեխաներից երկուսին բացառիկ հնարավորություն ընձեռվեց անվճար բուժում ստանալու Մոսկվայում: