VERTEX

Փառատոն 2009
Գրել է Administrator

2009թ. հոկտեմբերի 15-19-ը Երևանում անցկացվեց Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը, որը կազմակերպվել էր Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի կողմից ՀՀ Նախագահի և Մշակույթի նախարարության աջակցությամբ: Ընդլայնելով իր սահմաններն ու աշխարհագրությունը` փառատոնը հյուրընկալեց հայտնի կինոգործիչների տարբեր երկրներից, այդ թվում «Երալաշ» հումորային կինոժուռնալի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկուն (Ռուսաստան), ռեժիսոր, ազգային ինը մրցանակների դափնեկիր Տալկադ Նագաբարանային (Հնդկաստան), ռեժիսոր, դերասան, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Նիկոլայ Դենիսովին (Ռուսաստան), «PLATFORMA» ընկերության նախագահ, «PLATFORMA VIDEO» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչ Վասսիլիս Կարամիցանիսին (Հունաստան), ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, կինոքննադատ, պրոֆեսոր Արմեն Մեդվեդևին (Ռուսաստան), «Televeziri» ստուդիայի վարչության նախագահ Նոդար Բեգիաշվիլուն (Վրաստան), լրագրող, ռեժիսոր Ալեքսանդր Գորդոնին (Ռուսաստան), «Ale Kino» կինոփառատոնի նախագահ Եժի Մոշկովիչին (Լեհաստան), ռեժիսոր, նկարիչ-մուլտիպլիկատոր, «Կրոկ» միջազգային փառատոնի նախագահ Էդուարդ Նազարովին (Ռուսաստան) և այլոց:

2009թ. փառատոնի ֆիլմերի ծրագրում ընդգրկվել էր 54 ֆիլմ շուրջ 25 երկրից:.

2009թ. փառատոնի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումներից առավել ուշագրավ էր այն, որ Գյումրիում կազմակերպվեց հայ անվանի ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանին նվիրված հուշատախտակի բացման և փողոցի անվանակոչման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին փառատոնի` տարբեր երկրներից ժամանած բոլոր հյուրերը, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Լաուրա Գևորգյանը, պրոդյուսեր Դավիթ Քեոսայանը և նրա դուստրը` դերասանուհի Լաուրա Քեոսայանը:
Փառատոնի մասնակիցները հյուրընկալվեցին նաև Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատանը, որտեղ ծանոթացան մանկատան սաների առօրյային, նրանց նախասիրություններին, ձեռքի աշխատանքներին, նաև ճաշեցին միասին:

Փառատոնի շրջանակներում կազմակերպվեցին վարպետության դասեր, ստեղծագործական երեկոներ, մամլո ասուլիսներ, պրեմիերաներ, հանդիպումներ հանրակրթական և երաժշտական դպրոցներում, հեռուստաընկերություններում և այլն:
Տեղի ունեցան ռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյան N6» և «Երալաշ» հումորային կինոժուռնալի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկու «Տանիք» ֆիլմերի պրեմիերաները:


Երևանյան փուլից հետո 40 օր փառատոնն իր ընթացքը շարունակեց ՀՀ մարզերում (5 մարզ): Մարզային փուլի ընթացքում փառատոնը հյուրընկալվեց Քաջարանում, Ալավերդիում, Բյուրեղավանում, Գավառում և Գյումրիում, որտեղ ցուցադրվեցին փառատոնի մրցանակակիր լավագույն ֆիլմերը: